Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Ղրիմի շրջափակման նախաձեռնողների՝ «ղրիմ–թաթարական մեջլիսի» առաջնորդներ Ռևաթ Չուբարովի և Մուսթաֆա Ջեմիլյովի հետ, ովքեր մահապարտների գումարտակ էին ձևավորել ռուսական իշխանությունների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է russia-armenia.info-ն:

 

Ստամբուլում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի ներկայությամբ իսլամական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումից արված լուսանկարը հրապարակվել է Facebook սոցցանցում։

 

Ինքը՝ Չուբարովը, իր էջում անդրադարձել է ԻԳԿ անդամ պետությունների ղեկավարների հետ պրոտոկոլային ճաշի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի ելույթին՝ զուգահեռներ տանելով Ղրիմի և Ղարաբաղի միջև։

 

«Մենք պետք է հանդես գանք որոշ պետությունների' սահմաններ վերաձևելու քաղաքականության դեմ։ Իսլամական աշխարհի երկրները պետք է միասին հանդես գան նման փորձերի դեմ... Վերջին ժամանակներում օրակարգային է Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացման հարցը, Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացման հարցը։ Այդ հողերի օկուպացման հարցում մենք ընդհանուր մոտեցում պետք է ունենանք»,- Չուբարովի խոսքն է մեջբերել Դավութօղլուն։

 

Ըստ նրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԻԳԿ անդամներին համապարտ լինել Ուկրաինայի, մահմեդական եղբայրների, օկուպացված Ղրիմում բնակվող ղրիմյան թաթարների հետ։

 

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն Ադրբեջանին անվանել է ռազմավարական գործընկեր՝ խոստանալով շարունակել զենքի մատակարարումներն այդ երկրին։

 

Ղրիմի դատախազ Նատալիա Պոկլոնսկայան հունվարի վերջին հայտնել էր, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը Մուսթաֆա Ջեմիլյովի համար խափանման միջոց ընտրելու հարցում։ Նա ավելացրել էր, որ Ջեմիլյովը և Ղրիմի շրջափակման ևս մեկ նախաձեռնող, մեջլիսի ներկայիս առաջնորդ, Գերագույն ռադայի պատգամավոր Ռևաթ Չուբարովը միջազգային հետախուզման է հայտարարվել։ Չուբարովի և Ջեմիլյովի համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։