Այսօր՝ ապրիլի 16-ին, Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։Այսպիսով՝ Հայաստանը, արտգործնախարար Նալբանդյանի ձեռամբ, ստորագրել է մի փաստաթուղթ, որը, իրավամբ, կարելի է շրջադարձային համարել մեր երկրի համար:

 

 

Եվ այսպես, ի՞նչ կարող է տալ մեզ նման կազմակերպությանն անդամակցելն, ու ի՞նչ նոր հորիզոններ են բացվում մեր առջև միջազգային համագործակցության այս ձևաչափում: Նախ՝ նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, հանդիսանալով եվրասիկան տնտեսական ու ռազմաքաղաքական կառույց, ստեղծվել է 2001-ին և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան։



Եթե վերլուծելու լինենք այս կառույցի աշխարհաքաղաքական նշանակությունն ու դիրքավորումը՝ համաշխարհային քաղաքականության բեմահարթակում, ապա պետք է աներկբայորեն փաստենք, որ ՇՀԿ-ի ստեղծումը, ըստ էության, հետապնդում էր մի քանի նպատակ, որոնցից կարևորագույնն Արևմտյան բլոկին յուրօրինակ հակակշիռ հանդիսանալն էր՝ անդամ երկրները զերծ պահելու ԱՄՆ և նրա դաշնակիցների հնարավոր ագրեսիայից, կենտրոնացնելու համատեղ ջանքերը՝ ընդդեմ միաբևեռ աշխարհի գլուխ կանգնած ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի՝ թույլ չտալով նրանց՝ միջամտելու կազմակերպության անդամ երկրների ներքին գործերին. սա, ըստ էության, Ռուսաստանի ու Չինաստանի միջև ներքին պայմանավորվածության արդյունքում ի հայտ եկած կազմակերպություն է, որի բուն նպատակը երկու այդ հսկաների ազգային, տնտեսական ու ռազմաքաղաքական անվտանգության ապահովումն է հարափոփոխ այս աշխարհում:



Անդամակցելով այս կազմակերպությանը՝ Հայաստանը, գոնե տեսականորեն, հնարավորություն կստանա՝ ՇՀԿ անդամ երկրների հետ առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակն էականորեն բարձրացնելու, ինչպես նաև համագործակցելու անդամ երկրների հետ այնպիսի կարորագույն հարցերում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և այլն:



Դե ինչ, ինչպես տեսնում եք, վատ չի հնչում, բայց ի՞նչ է իրականում այս ամենի հետևում թաքնված և ինչո՞վ կարելի է պայմանավորել այն հանգամանքը, որ հենց հիմա է Հայաստանը հրավեր ստացել՝ սերտ համագործակցության բռնվելու ՇՀԿ-ի հետ: Իսկ պատճառը ավելի քան պարզ է. դա աշխարհում և, մասնավորապես, տարածաշրջանում աշխարհաքաղաքական գերլարված իրավիճակն է, որն ստիպում է Արևելքին որքան հնարավոր է մեծ թվով երկրներ ներառել իր ազդեցության տակ՝ այդպիսով է՛լ ավելի հզորացնելով սեփական ազդեցությունը աշխարհում: Ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս ամենը: Այս հարցի պատասխանը, թերևս, կախված է հենց մեզանից. եթե խելացի լինենք ու կարողանանք խաղալ նուրբ լարերի վրա, կարող է և շատ բան տալ: Պետք է նկատենք, որ նախ՝ այս անդամակցումը մեզ համար ստեղծում է նոր հնարավորություն՝ զարգացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ, ինչը չափազանց կարևոր է մեզ համար: 



Իհարկե, կարծել, թե վաղն ևեթ ականատես ենք դառնալու մեր տնտեսության մեջ, ասենք, նույն չինական կապիտալի մեծացմանն ու այստեղ հոսող ներդրումներին, միամտություն է, բայց կարելի է ասել, որ այսպիսով մեր տրամադրության տակ հայտնվեց ևս մեկ լծակ, որը կարող է միայն դրականորեն անդրադառնալ սեփական անվտանգության վրա. հիմա մեզ հուզող ամենամեծ խնդիրը հենց դա պետք է լինի:



Այսքանից հետո մնում է հուսալ, որ ՀՀ-ՇՀԿ այս երկկողմ պայմանագիրը կծառայեցվի ոչ միայն բացառապես գերտերությունների շահերին, այլև մեզ էլ կհաջողվի այստեղից համապատասխան դիվիդենտներ քաղել, հակառակ պարագայում, եթե այս անդամակցումը նման է լինելու Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին կամ նույն ԵՏՄ-ին անդամակցելուն, ապա ակնհայտ է, որ մեծ հույսեր կապելը միամտություն կլինի մեր կողմից. այստեղ լուրջ կարիք է զգացվելու հատկապես պրոֆեսիոնալ կադրերի, որոնք կարող են մեր երկիրն ու դրա շահերն այնպես ներկայացնել հզորներին, որ հասկանալի լինի նրանց՝ մեր շահը նաև իրենց շահն է, մեր առաջընթացը՝ իրենց ձեռքբերումը:



Դավիթ Բաբանով