Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության ծագման առաջին իսկ օրվանից՝ Բաքուն փորձում է այս հիմնախնդիրն աշխարհին, բայց հատկապես իսլամական երկրներին ներկայացնել որպես երկու երկրների միջև կրոնական հակամարտություն՝ փորձելով այդ կերպ մոլորության մեջ գցել մանավանդ մահմեդական երկրներին՝ նրանց նյութական ու քաղաքական աջակցությունը կորզելու փափագով:



Այս ստոր գործելաոճը, ցավոք, բացառապես ազերիներին չէ, որ բնորոշ է. ժամանակին նման անհիմն պնդումներով էին հանդես գալիս նաև նրանց մեծ եղբայրները՝ թուրքերը, հայոց ցեղասպանության տարիներին՝ իրենց անմարդկային ոճրագործությունը՝մեր դեմ իրագործած ցեղասպանությունը, փորձելով աշխարհի մահմեդական հանրությանը ներկայացնել որպես սրբազան պատերազմ՝ ջիհադ՝ ընդդեմ «անհավատ» հայերի:



Օրերս Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում ևս, պարզվում է, թուրքերն ու ադրբեջանցիները, հավատարիմ իրենց բնորոշ ստոր սկզբունքներին, կրկին շահարկել են ղարաբաղյան թեման՝ փորձելով վարկաբեկել Հայաստանն ու թուլացնել հայության դիրքերը հատկապես արաբական աշխարհում: Մասնավորապես՝ պարզվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ի դեպ՝ որի անդամ են բացառապես իսլամ դավանող երկրները, որոշում է ընդունել ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խումբ: Ելույթ ունենալով Ստամբուլում տեղի ունեցող այս կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին՝ Չավուշօղլուն, մասնավորաբար, ասել է. «Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ կարգավորել այդ խնդիրը ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի կողմից Ղարաբաղի գրավումը տարածաշրջանում ռազմական առճակատման ռիսկ է»:



Եթե փորձենք գնահատել ստամբուլյան իրադարձություններն ու գնահատականներ տալ տեղի ունեցածին, ապա նախ պետք է նկատենք, որ այն, ինչ անում են երկու թուրք ճիվաղները, որևէ կերպ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստող չես համարի. մարդիկ, փաստացի, փորձում են մահմեդական երկրներին ներքաշել ղարաբաղաադրբեջանական հակամարտության մեջ՝ շահարկելով կրոնական գործոնը:

 

 

Ինչ վերաբերում է կոնկրետ Իսլամական համագործակցության կազմակերպությանը, ապա պետք է ասենք, որ դրա կողմից ընդունված որոշումների մեծամասնությունը բացարձակապես ոչ մի գործնական նշանակություն, որպես կանոն, չի ունենում: Չնայած դրան, սակայն, այս կազմակերպությունը որոշակի կարծիք, այնուամենայնիվ, ձևավորում է իսլամադավան երկրների շրջանում, ուստի՝ լիովին անտեսել դրա կողմից ընդունվող որոշումները, մեր կողմից այնքան էլ ճիշտ քայլ չէր լինի: Այս կազմակերպությունում մենք ևս, ի ցավ հրոսակների, ունենք բարեկամ երկրներ, ու հենց նրանց անաչառ մոտեցման շնորհիվ է նաև, որ այս ողջ ընթացքում թուրքերին չի հաջողվել այն վերածել բացառապես հակահայկական ինչ-որ կառույցի՝ չնայած նույն այս կառույցի կողմից ընդունված որոշ հակահայկական դեկլարացիաների. Իրանի դերն այս հարցում պարզապես անուրանալի է, քանի որ հիմնականում հենց այս երկիրն է խոչընդոտ հանդիսանում թուրքերի հաղթարշավին: Թեհրանը, ի պատիվ իրեն, մշտապես՝ դեռևս սկսած 1992-ից, երբ առաջին անգամ բռնկվեց արցախյան հակամարտությունը, եղել է դաշնակից ու բարեկամ Հայաստանին՝ շատ լավ գիտակցելով, որ չնայած կրոնական ընդհանրությանը, ազերիները երբեք չեն կարող Իրանի դաշնակիցները լինել, քանի որ իրենց իսկ ֆիզիկական գոյությամբ վտանգում են Իրանի հյուսիսային սահմանները:



Անշուշտ, խուճապի մատնվել այն բանից, որ ԻՀԿ շրջանակներում ստեղծվում է ղարաբաղյան հիմնախնդրով կոնտակտային խումբ, Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում, քանի որ այստեղ հրաշալիորեն գիտակցում են, որ արցախյան հարցի արդարացի լուծումը կախված է ոչ թե ԻՀԿ անդամ երկրների ինչ-որ որոշումներից, այլ աշխարհում իշխող աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից ու նախևառաջ մեր բանակի մարտունակությունից. հենց վերջին հանգամանքն է վճռորոշ լինելու վերջնարդյունքում:



Դավիթ Բաբանով