ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

 

Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Պան Գի Մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Արմինե Հալաջյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:

 

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: