Կրեմլում արձանագրում են, որ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լիակատար անվստահություն է ձևավորվել, որը ոչնչացնելը բարդ կլինի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի նախօրեին, որը տեղի կունենա Բրյուսելում՝ ապրիլի 20-ին. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն անկասկած ապրում են փոխադարձ վստահության, թվում է, թե մոռացված, բայց նորից հայտնված պակաս, և հավանաբար փոխադարձ անվստահության հաղթարշավ է», - ընդգծել է Պեսկովը:

 

 

Կրեմլի ներկայացուցիչը ենթադրում է, թե Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը «հեշտ չի լինի, որովհետև վստահությունը շատ հեշտ է ավերվում, բայց վերականգնվում է անհամեմատ ավելի դանդաղորեն և դա անհամեմատ ավելի շատ ջանքեր է պահանջում»:

 

 

 

Նա հիշեցրել է, որ Մոսկվան միշտ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության կողմնակից է եղել: «Այս կապակցությամբ կարելի է միայն գոհունակություն հայտնել, որ նման երկխոսությունը շարունակվելու է», - հավելել է Պեսկովը:

 

 

Կրեմլում դարձյալ ստիպված են արձանագրել, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ավելացումը սպառնալիք է հանդիսանում նրա ազգային անվտանգության համար:

 

 

«Մենք Դաշինքի ոչ բարեկամական գործողություններ ենք արձանագրում մեր սահմանների մոտ ներուժի ավելացման առումով, ենթադրում ենք, որ ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնալիք են ներկայացնում մեր ազգային շահերի և Ռուսաստանի ազգային անվտանգության համար», - հայտնել է Պեսկովը:

 

 

«Ավելին, մենք արձանագրում ենք, որ Դաշինքի վերջին գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են, որ վերջինս անկարող էր հարմարվել ժամանակակից պայմաններին եւ պահպանել է իր նախնական նշանակությունը՝ զսպել Ռուսաստանի Դաշնությանը և հակամարտության մեջ լինել Ռուսաստանի Դաշնության հետ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

 

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը (СРН) նախատեսված է ապրիլի 20-ին՝ Բրյուսելում, դեսպանների մակարդակում: ՆԱՏՕ-ն 2014-ի ապրիլին Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորումից հետո սառեցրել է ՌԴ-ի հետ գործնականում որևէ համագործակցություն: Միաժամանակ որոշում է կայացվել պահպանել СРН-ի աշխատանքը «քաղաքական երկխոսության ուղիները» բաց պահելու համար:

 

 

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը չի նշանակում, թե կողմերը կվերադառնան նախկին հարաբերություններին, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Այն փաստը, որ մենք Խորհուրդ ենք հրավիրում, չի նշանակում, թե վերադառնում ենք «սովորական բիզնեսին»: 2014-ին մենք գործնականում դադարեցրինք համագործակցությունը, բայց որոշեցինք շանս պահպանել քաղաքական երկխոսության համար», - ասել է նա: