ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

 

- Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ իրավիճակ է, ռազմական լայնածավալ գործողություններն ավարտվեցին և այժմ դիվանագիտական, քաղաքական աշխատա՞նք է կատարվում:


- Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ դավադիր լռության շրջան է, որովհետև, պարզ է, չէ՞, որ այդ գրոհը չստացվեց Ադրբեջանի կողմից, հովանավորները նաև այդ Ալիև կոչվածի վրա կատաղելու հիմք ունեն, որովհետև ձախողեց մի ամբողջ ռազմավարական նախաձեռնություն:

 

- Այսինքն՝ դուք սպասում եք մեծամասշտաբ պատերազմի՞…


- Այո: Ես անցած տարվա մայիսին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել, հիմնավորել եմ դա, խոսել գործողությունների դինամիկայի և այլնի մասին, բայց ես ասել էի, որ մինչև տարեվերջ կլինի պատերազմը, սխալվել եմ ընդամենը երկու ամիս, Աստված տար, շատ սխալված լինեի: Մի ուսանողուհի էլ առավոտ եկավ սառը, ասաց՝ էս դասախոսդ պատերազմի ցանկությո՞ւն ունի, ես ասացի՝ կարող եմ չասել, դե գնացեք կոտորվեք: Բոլոր դեպքերում, կա երկրորդ տարբերակը՝ ավելի լավ է պատրաստ լինել, մենք եթե պատրաստ ենք, այդ պատերազմը կարող է չլինել, բայց եթե այսպես շարունակվեց, լինելու է միանշանակ: Ինչու… Որովհետև Ալիևը հիմա որոշակի հոգեբանական վիճակի մեջ է, գրոհել է, չի ստացվել, զենքեր էլ շատ ունի, մեր կողմն էլ ասում է, որ նրանք իրենց զինվորի կյանքի վրա թքած ունեն, այդ դեպքում ինչո՞ւ չկռվի, նավթի վաճառքից ստացած, ստացվող փողերն էլ ունի: Ասում են՝ նավթը կսպառվի, ե՞րբ է սպառվելու դա, ո՞վ գիտի ժամանակը:

 

- Իսկ այդ պատերազմի ժամկետի հետ կապված ի՞նչ կանխատեսում ունեք:


- Չեմ կարող ասել, բայց դրությունն այսպիսին է: Նրանք արդեն երկրորդ անգամ ջախջախվեցին, հիմա էլ են ջախջախվել, հետո ի՞նչ, որ մեկ թե երկու հենակետ վերցրել են: Եթե հասցրեցին, լավ կազմակերպեցին, ենթադրելի է, որ կլինի մեծ պատերազմ: Դրա համար պետք է պատրաստվել ամեն միջոցներով: Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից խախտումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու, ավելի լայնամասշտաբ են լինելու սահմանային խախտումները, որին մենք չգիտեմ՝ կդիմանա՞նք, թե ոչ: Մի բան պարզ է. Ադրբեջանի ռազմավարությունը չի փոխվելու՝ հյուծել Հայաստանը՝ ինչքան ժամանակում էլ դա ստացվի, դա է անում:

 

- Իսկ մեր իշխանությունները, արտաքին գործերի նախարարությունն այժմ ի՞նչ պետք է անեն, որ, ձեր կարծիքով, չեն անում:


- Պետք է կանխատեսումներ անեն, պետք է հրաժարականներ տան:

 

- Մեր հասարակությունն ի՞նչ պետք է անի:


- Պետք է Հայաստանում փոփոխությունների սպասի, ոչ իրավիճակն է նախկինը, ոչ էլ Հայաստանը կարող է այլևս նախկինով ապրել: Ակնհայտ չէ՞… Շտապ բարեփոխումներ են պետք բոլոր ոլորտներում, ձախողած չինովնիկների՝ նախարարների, այլ պաշտոնյաների հեռացում: Կարող է ժամանակ էլ չունենանք, ես դրանից շատ եմ տագնապում: Բանակի մեջ էլ պետք է վերակազմություն անեն, ասենք, ով լավ է դրսևորել իրեն, նրան պետք է տանել առաջ, ով վատ, չպետք է լինի իր պաշտոնում: Դիրքերում ցուցադրական լուսանկարվելուն էլ պետք է վերջ տրվի, ժողովրդի նյարդերի վրա է ազդում, արդեն մարդիկ վատ են զգում դրանից: 

 

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի