Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները լավ գիտեն, որ Ֆյորդեում բարձրացրած իրենց կիլոգրամները չեն կարող լուրջ համարվել Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը վստահ են, որ մինչև Օլիմպիական խաղերը պետք է քրտնաջան աշխատեն, որ կարողանան մեդալների համար պայքարել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, թե այն կիլոգրամները, որոնք գրանցվել են Եվրոպայի առաջնության ժամանակ, չեն կարող բարձր տեղեր ապահովել Օլիմպիական խաղերի ժամանակ. «Օլիմպիական խաղերի ժամանակ այդ արդյունքը կարող է մեզ համար միայն 8-10-րդ տեղերն ապահովել: Մենք ինքներս էլ գիտենք, որ քիչ քաշ ենք բարձրացրել»:

Տարիներ անց Ֆյորդեում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Նազիկ Ավդալյանը ևս համամիտ է գործընկերուհու կարծիքին. «Պետք է ավելի մեծ քաշ փորձենք Օլիմպիական խաղերի մեդալի համար: Իհարկե, հեշտ չի լինելու, սակայն մենք կարող ենք մարզումների միջոցով արդյունքի հասնել»:

Խոսելով իրենց հաղթանակը Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինվորներին նվիրելու մասին' Նազիկը նշեց, որ այն թեև իսկապես պահի ազդեցության արդյունք է եղել, սակայն այլ կերպ չէր կարող լինել. «Շատ էի մտածում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այսօր ուզում եմ ասել, որ մեր զինվորականների շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ մարզվել ու հաջողությունների հասնել: Մենք նրանց իսկապես պարտական ենք: Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես կարձագանքեին օտարազգիները, ես ուզում էի հաղթանակս նվիրել հայ ժողովրդին»:

Հռիփսիմեն իր հերթին լավ գիտի, թե որոնք են իր առջև դրված խնդիրները, և դրանք ներկայացրեց լրագրողներին: Մարզուհու պնդմամբ՝ ինքը պետք է կարողանա որոշակիորեն ավելացնել Նորվեգիայում բարձրացված քաշը, սակայն գերնպատակը իր՝ Օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված արդյունքը բարելավելն է:

«Արդյունքների բարելավման համար կարևոր է, որ ավելացնեմ անձնական քաշս: Ինձ համար իսկապես քաշ ավելացնելը խնդիր է: Ամուսինս դեմ չէ դրան, ամբողջ հայ ազգն է ավելի բարձր արդյունք ուզում, իսկ դրա համար պետք է կարողանամ քաշս ավելացնել, ինչը ոչ մի կերպ չի ստացվում ինձ մոտ: Ասեմ, որ անգամ բժշկի մոտ հետազոտության եմ գնացել, հատուկ սննդակարգ ենք մշակել, բայց քաշ ավելացնել չի ստացվում ու չի ստացվում: Ուզում եմ դիմել հանրությանը. գո՞ւցե դուք կարող եք օգնել ինձ: Կարո՞ղ եք հուշել, թե ինչպես պետք է ավելացնեմ անձնական քաշս»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը՝ հավելելով, որ իր հիմնական մրցակիցներին հաջողվում է ավելի լավ արդյունքի հասնել հենց անձնական բարձր քաշի շնորհիվ:

Նազիկին մտահոգում էր այլ խնդիր. այսօր նա այլևս նախկին ծանրորդը չէ, ով մրցույթների մասնակցում էր միմիայն հաղթանակի համար և մտածում էր միայն մրցաշարերի ժամանակ իր ելույթի մասին. «Այժմ դժվար է, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումներով: Պետք չէ մոռանալ, որ ես էլ, Հռիփսիմեն էլ արդեն մայր ենք, փորձում ենք դաստիարակել մեր զավակներին: Նորից ցուցաբերել նախկին արդյունքը, իրոք, դժվար է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան դժվար կլինի հեռու լինել ընտանիքից: Ես մինչև ավտովթարն ու մեջքի հետ ունեցած ծանր խնդիրները ցույց եմ տվել արդյունք, որն առայժմ չի էլ գերազանցվել, բայց ես դրան հասել էի ավելի քան 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Երեք տարի սպորտից հեռու էի, և ընդամենը 1.5 տարի է, ինչ վերսկսել եմ մարզվել: Չեմ կարող կրկնել այդ արդյունքն այսքան կարճ ժամանակամիջոցում: Կուզեի, որ հասկանայիք խնդիրը»:

+75 քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմեն ևս խոսեց այն դժվարությունների մասին, որոնք ի հայտ են եկել մայրանալուց հետո. «Եթե իմ ամուսնու մայրը չօգներ ինձ երեխային դաստիարակելու հարցում, ապա դժվար թե կարողանայի սպորտում մնալ: Իսկապես բարդ է երեխա դաստիարակելը: Կարելի է ասել, որ մեր երեխաները մեզ ուժ են տալիս, սակայն նաև կոտրում են մեզ. կարոտն է պատճառը»:

Ավդալյանը, ում ամուսինը Եվրոպայի ծանրամարտի առաջնության օրերին առաջնագծում էր մի քանի ընկերների հետ, պնդում է, որ եթե անգամ իմանար ամուսնու՝ առաջնագիծ գնալու մասին, չէր ցանկանա կանգնեցնել նրան. «Դա մեր պարտքն է: Իհարկե, նա ինձ հետ փորձում էր հաճախակի շփվել, ասում էր, թե ուղղակի ընկերների հետ գնացել են, սակայն առաջնագծում չեն: Միայն մրցելույթիցս հետո են ինձ ասել, որ ինքը այդ օրերին առաջնագծում է եղել: Ես հարգում եմ նրա որոշումը: Այլ կերպ չէի էլ կարող պատկերացնել»:

Խոսելով ապագա անելիքների մասին' մարզուհիները նշեցին, որ այս պահին Հայաստանի ծանրամարտի հավաքականը 7 տեղ ունի Օլիմպիական խաղերում, որոնցից 2-ը տրվելու են կանանց: Չնայած դեռ շատ վաղ է պնդելը, թե ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին, թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը հիմնական թեկնածուներն են:

«Ամեն ինչ կորոշվի մեկնելուց առաջ' վերջին շաբաթվա ընթացքում: Տա Աստված, որ խուսափենք ամեն տեսակ վնասվածքներից և կարողանանք պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը: Կարելի է ասել, որ այս պահին մեր առաջնային խնդիրը հնարավորինս լավ պատրաստվելն է, ուրիշ ոչինչ: Թե արդյոք մենք կմտածենք մարզական կարիերայի ավարտի մասին Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո՝ դեռ շատ վաղ է ասելը: Այդ մասին չենք մտածում: Ամեն ինչ անում ենք Օլիմպիական խաղերին լավագույնս հանդես գալու համար, ուրիշ ոչինչ»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ամփոփելով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ունեցած իրենց ելույթները՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները նշեցին, որ իրական մրցակցության բացակայությունը մյուս կողմից կարող է նաև դրական անդրադառնալ, քանի որ իրենք կարող են անմիջապես սկսել մարզումները, հավելյալ օրեր պետք չեն վերականգնվելու համար: Ըստ Նազիկի՝ հաճախ մարզիկները մոտենում են քաշերի, որոնք ոչ մարզումների, ոչ մրցումների ժամանակ չեն ենթարկել իրենց. «Երբ հաջողվում է վեր հանել այդ քաշը, մի քանի օր անհրաժեշտ է լինում լիարժեք վերականգնվելու համար, այնպես որ Ֆյորդեում մենք հավելյալ ուժեր ու ճիգեր չենք ծախսել և կարող ենք ավելի վաղ սկսել մարզումները»:

Հռիփսիմեն էլ ի գիտություն հայ հանրությանը՝ հայտարարեց, որ գուցե շատերին կթվա, թե իրենք կարող են զանազան ծանրություններ բարձրացնել, սակայն ծանրություն բարձրացնելն ավելի շատ տեխնիկա, քան ֆիզիկական ուժ է պահանջում. «Իհարկե, ֆիզիկականը կարևոր է, բայց ծանրություն բարձրացնելու տեխնիկան է որոշիչը: Հաճախ ֆիզիկապես լավ պատրաստված մարզիկ չեն կարողանում ծանրություն բարձրացնել: Ասեմ, որ մենք ծանրաձողից բացի այլ ծանրություններ չենք բարձրացնում, քանի որ դրանք տեխնիկապես բարձրացնելը խնդիր է, հավասարակշռության հարցեր կան: Այնպես որ, թող չթվա, թե մենք մշտապես ծանրությունների հետ գործ ունենք: Մեր միակ ծանրությունը ծանրաձողն է»:

Մամուլի ասուլիսում մարզուհիները խոսեցին նաև Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց մրցակիցների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին: Ավդալյանի խոսքով՝ որևէ շփում ադրբեջանցիների հետ չի եղել, թեև Ադրբեջանի պատվիրակության և Հայաստանի ծանրամարտի հավաքականները գտնվում էին կողք կողքի՝ բաժանված լինելով միայն սենյակային պատով. «Որևէ շփումներ չեն եղել: Հաղթանակի առթիվ շնորհավորանքներ ևս չենք ստացել նրանց կողմից: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նրանք կարող էին գալ ու շնորհավորել»:

«Ինձ մոտեցավ Վրաստանի ներկայացուցիչը և սպառնալից ասաց, որ դեռ կհանդիպենք Ռիոյում: Նա ինձ ձեռնոց նետեց, ես էլ ժպտադեմ ընդունեցի մարտահրավերը՝ ստանալով նաև շնորհավորանքի խոսքեր»,- «Արմենպրես»-ին ասաց Հռիփսիմեն:

Լրագրողների հետ հանդիպման վերջում երկու մարզուհիներն էլ խոստացան քրտնաջան մարզվել, լավ հետևել մարզումային ռեժիմին ու փորձել խուսափել վնասվածքներից: Եվրոպայի երկու չեմպիոնների կարծիքով' ամեն ինչ կախված կլինի կանոնավոր մարզումներից, այնպես որ Օլիմպիական խաղերից առաջ դեռևս շատ անելիքներ կան անելու: