Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը պարբերաբար հանդես է գալիս սեփական ուսումնասիրություններով, որոնցում արտացոլված են լինում երկրի պետական համակարգում տեղ գտած ֆինանսական օրինախախտումները, չարաշահումները: Եվ այսպես՝ օրերս ՀՀ վերահսկիչ պալատը խորհրդարան է ներկայացրել 2015թ. տարեկան հաշվետվությունը, որից պարզ է դարձել, որ Հայաստանի պետական համակարգում տեղ գտած չարաշահումներն ու կոռուպցիոն երևույթները նվազելու փոխարեն իսկական բում են ապրել՝ հավանաբար գերազանցելով մինչ այդ երբևէ գրանցած արդյունքները: Մասնավորապես՝ զեկույցից պարզ է դառնում, որ չարաշահումներ են տեղի ունեցել այնպիսի պետական օղակներում, ինչպիսիք ենՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, առողջապահության և այլ նախարարությունները: Ավելին՝ բանից պարզվում է, որ մսխումները չեն սահմանափակվել պետական բյուջեով և ներառել են նաև դրամաշնորհային ու վարկային միջոցները ևս:

 

 

Այսպես՝ ՎՊ զեկույցից պարզվում է նաև, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը«Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տվել է մոտ 145,1 մլն դրամ դրամաշնորհ։ Գումարը տրվել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման, հանրային կրթության արշավներ և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար։Արդյունքում՝ ՎՊ-ը պարզել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն պահանջվող նվազագույն կրթական մակարդակը, նվազագույն փորձը, հմտությունը հավաստող փաստաթղթերը բացակայել են 13 դեպքով: 2012թ. ծրագրով կատարված ծախսային հոդվածների մեջ աշխատավարձի չափը կազմել է ընդհանուրի 22 %-ը, 2013թ.-ին' 76 %-ը, 2014-2015թ.' 46 %-ը։ Հիմնադրամի որոշ աշխատողների վճարվել է հնարավորինս բարձր աշխատավարձ (453.0 հազ. դրամից մինչեւ 1,482.0 հազ. դրամ):



Իհարկե, չարաշահումների թվարկումը կարելի էր և շատ ավելի երկար շարունակել, բայց հիմա դրանց մասին չէ, որ կցանկանայինք խոսել, այլ՝ երևույթի: Մի հարց ենք ցանկանում տալ համապատասխան մարդուն, ով ի պաշտոնե պարտավոր էր ցուցաբերել հետևողականություն ու թույլ չտար, որպեսզի, ինչպես ասում են, սեփական «քթի տակից» կարողանային տանել հսկայական դրամական միջոցներ ու փոշիացնեին. պարո՛ն վարչապետ, ինչո՞վ կարող եք բացատրել ձեր ենթակաների նմանօրինակ վարքագիծը, երբ որոշներին թվում է, թե պետությունն իրենց պապերի «բաղչեն» է, ու ինչպես կուզեն, այնպես էլ կտնօրինեն թե՛ բյուջեի սուղ միջոցները, թե՛ համապատասխան վարկային միջոցները:Կարծում ենք՝ բոլորին է, չէ՞,հասկանալի, թե ինչ է նշանակում մեր երկրի համար այսչափ տագնապալի օրերին պետական միջոցների վատնումը, հասկանալի է, չէ՞, որ այն մարդանմանները, որոնք սովոր են պարարտանալ պետության հաշվին, ներքին թշնամիներն են մեր պետության ու ենթակա են ամենադաժան պատժի…

 

 

Հուսանք՝ Վերաքննիչ պալատի կողմից ներկայացրած աղաղակող չարաշահումների մասին փաստող ուսումնասիրությունները այս անգամ գոնե կստանան համապատասխան արձագանք պետական համապատասխան մարմինների կողմից ու այդ ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության կկանչվեն նրանք, որոնց անուշադրության, թափթփվածության ու անգամ երբեմն միտումնավոր անտարբերության արդյունքում հնարավոր են եղել նման չարաշահումներ. հույսը վերջում է մեռնում…

 

 

 Դավիթ Բաբանով