Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կփորձի նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության լուծմանը: Այս մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից հետո «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները:

 

«Այսպես կոչված «սառեցված հակամարտությունը» պետք է կարգավորվի: Այն չի կարող լուծվել Գերմանիայի և հնարավոր չէ լուծել դրսի միջամտությամբ: Կարծում եմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր է խաղում այս հարցում: Այս տարի Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում, քանի որ մեր երկիրը համանախագահում է ԵԱՀԿ-ում: Մենք կօգտագործենք մեր դիրքը նպաստելու հակամարտության լուծմանը»,- նշեց պատգամավորը:

 

Քրիստոֆ Բերգները հավելեց, որ ներկայիս իրադրությունը' ստաստուս քվոն, ոչ միայն վնասակար է Հայաստանի, այլև խոչընդոտ է ողջ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար: «Մենք լիահույս ենք, որ կգտնվի մի լուծում, որը կհարգի Լեռնային Ղարաբաղի հայերի անկախությունը և ինքնիշխանությունը, միաժամանակ հարգելով նաև երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց նա' միաժամանակ հավելելով, որ ԵԱՀԿ-ն շփման գծում մոնիթորինգային մեխանիզմների անհրաժեշտություն ունի' իրավիճակը գնահատելու համար: