Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Զարուհի Փոստանջյանը հարց բարձրացրեց փակ և բաց ցուցակների վերաբերյալ:

 

«Ըստ էության, այսօրվա դրությամբ բաց ցուցակով Ազգային ժողովում կա ընտրված 41 պատգամավոր և նրանք որևիցե կերպ ՀՀ-ում քաղաքական համակարգի զարգացմանը չեն նպաստել և չեն էլ նպաստելու: Ձեր հիմնավորումը մեկն է՝ տեղերում զարգացնել քաղաքական համակարգը, բայց տեղերում կընտրվեն մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ»,- ասաց Փոստանջյանը:

 

Պատգամավորը դիմելով Դավիթ Հարությունյանին՝ ասաց, որ եթե ինքն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցի և ունենա օլիգարխ մրցակից, ապա 25 անգամ հետ կընկնի:

 

Դավիթ Հարությունյան նրա համեմատությունը թեպետ ոչ կոռեկտ համարեց, բայց հիշեցրեց, որ 1995 թվականին՝ իր պատգամավորության թեկնածու լինելու տարիներին, ցուցակում կային ոչ պակաս օլիգարխներ.

 

«Ձեր վախտվա օլիգարխներն ուրիշ էին, հիմա ուրիշ ա»,- Դավիթ Հարությանյանի խոսքին միջամտեց Գագիկ Ջհանգիրյանը:

 

Որպես Դավիթ Հարությանյանին արձագանք՝ Փոստանջյանը պնդեց իր կարծիքը, որ եթե, օրինակ, առաջադրվի SAS-ի Արտակը, կամ այլ մականունավոր օլիգարխ, այնտեղ իրենք իրար մեջ կմրցեն, բայց, միևնույն է, քաղաքական հատվածը հետ է ընկնելու.

 

«Այդտեղ դուք չեք մասնակցելու քաղաքացիներին ընտրատեղամաս բերելու գործընթացին, դուք չունեք գործարան, որ աշխատակիցներին բերեք ընտրության, դրա վառ օրինակը Հրազդանի ընտրություններ են, բոլորին բերել էին ընտրատեղամաս, դուք այդ ուժը չունեք, դուք այդ տնտեսական լծակները չունեք, որ մարդ բերեք ընտրատեղամաս»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

 

Զարուհի Փոստանջյանը բերեց նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրինակը, նշեց, որ եթե պատգամավորն ունենար օլիգարխ մրցակից, նա չէր հայտնվի Ազգային ժողովում: