ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղեկացրեց, որ իր կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

 

Հայտնվեց նաև, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Պետական դավաճանությունը») 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար, կատարվում է նախաքննություն:

 

Հիմա արդեն, երբ քր. գործի նախաքննությունն ավարտված է, ԱԱԾ-ից դուրս հայտնի են դարձել նաև այլ տվյալներ: Գարիկ Մարությանը ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը զբաղեցրել է 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը: 2015թ. հուլիսի սկզբներից համացանցի «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցիալական ցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և հայտնվել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում:

 

Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, Գ. Մարությանը «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Կողմնակի անձանց միջոցով, 3 դրվագով, ընդհանուրը 700 ԱՄՆ դոլար գումար և հեծանիվ ստանալով որպես վարձատրություն, Գ. Մարությանը համացանցի «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցի և բջջային հեռախոսակապի «Վիբեր» ծրագրի միջոցով հաղորդագրություններով փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի եղած, ինչպես նաև ծանոթ զինծառայողներից հայթայթած տեղեկություններ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում նաև' տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք: Ավելին. համաձայն քր. գործի նյութերի, այդ տեղեկությունների օգտագործումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:

 

Վերը նշված արարքի համար Գարիկ Խաչիկի Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար (տվյալ դեպքում՝ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության), որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: