Գերմանական Ruhrnachrichten պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղին: Ներկայացնում ենք հոդվածից մի հատված:

«Միխայել Ցորկին մեկ նախադասություն բավականացրեց Մխիթարյանի կարևորությունը դորտմունդյան թիմում նկարագրելու համար. «Միկին խաղի մեջ էական փոփոխություններ է մտցնում»:

Մխիթարյանը «Բորուսիայում» վաղուց ունի այն կարգավիճակը, որը նրան գրեթե անփոխարինելի է դարձնում: Դա տեսնել կարելի էր «Շտուտգարտի» դեմ խաղում, որտեղ ֆուտբոլիստի յուրաքանչյուր գործողության մեջ կար տպավորիչ հստակություն: Հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ կիսապաշտպանը 49 խաղում «Բորուսիայի» կազմում դարձել է 30 գոլային փոխանցման, 23 գոլի հեղինակ, որոնցից 18 արդյունավետ փոխանցումը գրանցվել է Բունդեսլիգայում: Մխիթարյանին երեք փոխանցում է պակասում Գերմանիայի առաջնությունում Քևին Դե Բրույնեի ռեկորդը կրկնելու համար: Զարմանալի չէ, որ դորտմունդցիներն ամեն ինչ կանեն 27-ամյա ֆուտբոլիստին թիմում պահելու համար: Սակայն գերմանական ակումբն ունի մեկ խնդիր՝ ֆուտբոլիստի գործակալը՝ Մինո Ռայոլան: Ֆուտբոլի ամենաակտիվ գործակալներից մեկն ամեն ինչ կանի, որպեսզի Մխիթարյանի աշխատավարձը բարձրանա»: