ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը պարբերաբար տեղեկացվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում լարված իրադրության մասին: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 

 

Հաղորդագրության համաձայն, դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը եւ Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Շեշտվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաեւ մոնիտորինգային եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

 

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' ապրիլի 26-ի օրվա ընթացքում եւ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ամբողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը' կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ եւ 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

 

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ' նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: