Հայտնի է՝ Վարդան Օսկանյանի նախաձեռնած կուսակցության անվանումը՝ «Համախմբում»: Այսօր նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց, որով պաշտոնապես հայտարարվեց կուսակցության ստեղծման մասին: Կուսակցության հիմնադիր համագումարի մասին էլ լրացուցիչ կտեղեկացնեն։ Սահմանային այս լարվածության պայմաններում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունը, իհարկե, չէր կարող դրական ընկալվել։ Առանց այն էլ Վարդան Օսկանյան անձի կուսակցություն ստեղծելու գաղափարը դրական չէր ընկալվել հասարակության շրջանում։ Պատճառները, կարծում ենք, բոլորի համար հասկանալի են։ Եվ ահա այսօր, երբ սահմանին զինվորը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, երբ արիաբար պաշտպանում է հայկական հողերը, երբ արժանի հակահարված է հասցնում թշնամուն, Վարդան Օսկանյանը և իր թիմակիցները հայտարարում են իրենց «Համախմբում» կուսակցության ստեղծման մասին և կոչ անում համախմբվել դրա շուրջ։

 

Նախաձեռնության անդամներից է նաև ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով առավել քան որևէ մեկը այդ նախաձեռնության մեջ, պետք է ժամանակի առումով ճիշտ որոշում կայացներ և հաշվի առներ ստեղծված իրավիճակը։ Վերջինիցս փորձեցինք պարզել՝ ինչքանո՞վ էր ճիշտ այս պահին նման հայտարարությամբ հանդես գալը և ինչպիսի արձագանքներ են արդեն ստացել։ «Դեռ ոչ մի արձագանք չեմ ստացել: Հայտարարությունն արդեն արված է: Մի երկու-երեք օրից զանգեք, կխոսենք։ Դեռ բաներ կան ճշտելու։ Իսկ քննադատությունների մասին՝ ոչինչ, թող քննադատությունների տեղիք տա։ Ի՞նչ է, այս վիճակը քննադատությունների տեղիք չի՞ տալիս, այս վիճակին հասցնելը քննադատության տեղիք չի՞ տալիս»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կերպ պատասխանեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

 

Նշենք, որ Օսկանյանի շուրջ այս պահի դրությամբ կամ ինչպես հայտնի է դառնում նախաձեռնության տարածած հաղորդագրությունից, համախմբվել է՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, քաղաքագետ Նինա Մարգարյանը, գործարար Վարդան Թովմասյանը, քաղաքական մեկնաբան, արևելագետ Արտակ Բշտիկյանը։ Թվարկած անձանցից որոշները ակտիվ պրոքոչարյանական ուղղվածություն ունեն։