Քիչ առաջ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկմանը ելույթ ունեցավ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

 

Ըստ պատգամավորի՝ երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են: Նշեց նաև տարբերակներ, թե ինչպես են կեղծվել ընտրությունները՝ ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց անունից այլ անձանց կողմից քվեարկելով, լցոնումներով, կեղծվել են վերջում բոլոր տեսակի հաշվառման ժամանակ լցոնումներով:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ըստ Օսկանյանի՝ ներկայացված նախագիծն առկա խնդիրները բացարձակապես չի լուծում:

 

«4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ ընդդիմությունը, քաղաքացիական հասարակության հետ միասին ուզում էր այդ փոփոխությունն անել, բայց, դժբախտաբար, դա ամբողջությամբ տապալվել է: Մենք չպետք է մեր ձեռքերը լվանանք: Ես կարծում եմ՝ դեռ ժամանակ ունենք աշխատելու այդ չորս կետերի վրա, փորձենք, եթե ոչ ամբողջական, բայց գոնե մասնակի կոնսենսուսի գանք, սա է իսկապես հիմնական խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել»,- ասաց Օսկանյանը:

 

Վերջինիս կարծիքով՝ ընտրական համակարգի ձևը մեծամասնական է ներկայացվում, թե համամասնական, ինչ-որ ներկայացվել է, ճիշտ հակառակն է արվում: Եթե նախկինում մեկ հոգի էր փող բաժանում, օգտագործում էր իշխանական լծակները՝ իրենց ձայն բերելու համար, հիմա ընտրատարածքում 10 հոգի նույնն է անելու՝ իր ռեյտինգը բարձրացնելու համար:

 

«Եթե դու նախկինում կարող էիր, ենթադրենք, ինչ-որ մի տարածքում փող վերցնել, ուզենայիր ձայնդ իրեն տալ, բայց համակարգում ես մի այլ կուսակցության, այս պարագայում արդեն դու այդ ընտրությունն էլ չունես: Եթե դու այդ մարդուն ես ուզում ընտրել, ումից փող ես վերցրել կամ համոզված ես, որ նա լավն է, դու ստիպված ես կուսակցությանը, որին նա մաս է կազմում, ձայն տաս: Այսինքն՝ այս բոլորից օգտվելու է այն քաղաքական ուժը, որն ունի միջոցներ»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ օրենքում այնպիսի դրույթներ կան, որոնցով էապես մեծացվում է հնարավորությունն ինչ-որ մի քաղաքական ուժի մենաշնորհի պահպանմանը: 

 

«Հայկական խորհրդարա՛ն, իսկապես, այլ երկրում, այլ պայմաններում միգուցե սա շատ լավ օրենք է, բայց մենք մեր 25 տարվա անցած ճանապարհը հաշվի առնելով և այն ամենը, որի մասին մենք բարձրաձայն խոսում ենք, բողոքում ենք, որ չի աշխատել այսքան ժամանակ՝ մենք ուզում ենք այս նոր օրենքով այդ խնդիրները լուծել: Այս օրենքն այդ խնդիրները չի լուծում, ոչ միայն չի լուծում, այլև շատ ավելի խորացնում է և բարդացնում: Ես միանում եմ այն մարդկանց, ովքեր կոչ են անում, որ իշխող կուսակցությունն իսկապես վերագնահատի այսօր երկրում առկա իրավիճակը և գնա կոմպրոմիսների, որպեսզի մենք ընդունենք այնպիսի օրենք, որպեսզի ընտրություններից հետո ոչ մեկ չկարողանա բողոքներ հնչեցնել, որ օրենքը լավը չէր, և դրա արդյունքում մենք ստացանք վատ ընտրություններ»,- ասաց պատգամավորը: