Միջազգային հարաբերությունները զարմանալի բան են. ոչինչ այստեղ հարատև չէ, և նույնիսկ մի քանի օրը կամ շաբաթը կարող է շրջադարձային լինել որոշ դեպքերում. ահավասիկ Բաքու-Անկարա հարաբերութոյւնները, իսկ ավելի ճիշտ՝ նրանց ռազմավարական եղբայրությունը, որը, պարզվում է, այնքան էլ կարող է ամուր չլինել, ինչպես ակնկալվում էր նախկինում: 



Մասնավորապես՝ պարզվում է՝ Էրդողանը, Բաքու կատարած իր վերջին այցի ընթացքում, որքան էլ կարող է տարօրինակ թվալ բոլորիս, հանդես գալով ելույթով, միտումնավոր կերպով շրջանցել է ղարաբաղյան թեման ու զերծ է մնացել ավելորդ մեկնաբանություններից ու ռազմատենչ կոչերից այն պարագայում, երբ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ նա իր աներկբա աջակցությունն էր հայտնում ազերի եղբորը՝ Ալիևին, ու աշխարհով մեկ հայտարարում, թե Հայաստանը ստիպված է լինելու, իր խոսքերով ասած, «ազատել գրավյալ տարածքներն» ու հանձնել Արցախը բեղավորին:



Համաձայնե՛ք՝ նման հռետորաբանությունը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել այն պատկերի համատեքստում, որին ականատես դարձանք օրերս Բաքվում, երբ իր կատարած այցի շրջանակներում Էրդողանը կոչ արեց միասնական ճակատ ձևավորել ահաբեկչության դեմ՝ միևնույն ժամանակ զերծ մնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծայրահեղական հայտարարություններից:

 

 

Հիշեցնենք, որ թուրք նախագահն Ադրբեջան է ժամանել երեքշաբթի՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովին։ Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել Անկարայի նման հետքայլը և կամ որքանով կարող է այս ամենը տեղավորվել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատվող ռազմական ակտիվության համատեքստում, իհարկե, մնում է այդպես էլ հանելուկ, քանի որ կարծել, թե Ալիևը, առանց Էրդողանի աջակցությունը ստանալու, կարող էր ռիսկի գնալ ու ինքնուրույնաբար սանձազերծել մի նոր պատերազմ, իսկական աբսուրդ կլիներ. առանց Անկարայի Ալիևը կատարյալ ոչնչություն է, մի փաստ, որը շատ լավ գիտակցում է նաև ինքը՝ Ալիևը. ուրե՞մն…



Ըստ մեզ՝ առանձնապես չարժե ոգևորվել այն հանգամանքից, որ այս անգամ Էրդողանը խուսափեց հավակնոտ հայտարարություններ անելուց. քաղաքականությունը մի այնպիսի բան է, ուր հայտարարություններն ու խոսքերը, եթե անգամ դրանց հեղինակներն ազդեցիկ քաղաքական գործիչներ են, գործնականում ոչինչ չարժեն, եթե դրանք չեն հաստատվում կոնկրետ քայլերով:

 

 

Չի բացառվում, սակայն, որ այստեղ իր դրական դերն է խաղացել Ռուսաստանի Դաշնությունը, որը, զգուշանալով Թուրքիայի, իսկ հետևաբար՝ նաև ՆԱՏՕ-ի՝ Անդրկովկասում ունեցած դիրքերի ուժեղացումից, անդրկուլիսային քաղաքականության շրջանակներում Անկարային հստակ ազդանշան է ուղարկել առ այն, որ չարժե խորամանկություն բանեցնել ու փորձել արցախյան խնդիրը օգտագործել՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար. այստեղ հիմնական դերակատարը պետք է լինի Մոսկվան, ու հենց վերջինիս հովանու ներքո էլ պետք է Անդրկովկասում ծավալվեն բուն իրադարձությունները: Այլ կերպ ասած՝ «քյանդրբազություններից» պետք է Անկարան հեռու մնա, եթե չի ցանկանում բախվել Պուտինի ամուր բռունցքին:

 

 

Ակնհայտ է՝ եթե իրոք Էրդողանի համեստ պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որոնք մենք ներկայացրինք վերևում, անգամ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի մեր դեմ ու այն կրի տոտալ բնույթ, մենք կարող ենք ասել, որ արևմուտքից մեզ անակնկալներ չեն սպասվի, ու Թուրքիան զերծ կմնա Հայաստանի տարածք ներխուժելուց. ռուսները վճռակամ են այս հարցում տրամադրված, ու Անկարայում բոլորն էլ հասկանում են, որ եթե Թուրքիան չի ցանկանում վերջնականապես ու անվերադարձ կերպով ջախջախվել, ապա պետք է ավելորդ արկածախնդրություններից զերծ մնա ու գլուխը կախ իր «իլիկը մանի», հակառակ պարագայում՝ Էրդողանը կարող է չմարսել սեփական ժողովրդից թալանած միլիարդներն ու իր օրերը վերջացնել շատ ավելի անփառունակ պայմաններում, քան կարող է երևակայել…

 

 

Դավիթ Բաբանով