Հայաստանում և Հայաստանին առնչվող վերջին շրջանի վտանգավոր իրադարձությունների առնչությամբ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանի հետ:



- Վերջին շրջանում սրված հայ-ռուսական հարաբերությունների արդի խնդիրները դժվար է անուշադրության մատնել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարաբերությունների ու ստեղծված կացության առնչությամբ:



- Ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հանդեպ վստահությունը նվազեց ռուսական կողմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների, հայտարարությունների և անգործության արդյունքում: Պետք է ընդունել, որ «պետական շահ» և «էլիտայի շահ» հասկացությունները, ցավոք, միշտ չէ, որ համընկնում են: Ռուսաստանի պարագայում այդ պետության պետական շահը մեր տարածաշրջանում ոչ մի կերպ չի համընկնում թուրքական շահի հետ, այդ իսկ պատճառով, Հայաստանի և Ռուսաստանի շահերի համընկնման մասին պնդումները հիմնավորված են հենց պետական շահի տեսանկյունից: Սակայն, 20-րդ դարը ցույց է տվել, որ Ռուսաստանն ամենատարբեր ներքին հակաէլիտաների օգնությամբ երբեմն հմտորեն վարել է հակապետական քաղաքականություն, ինչն անցյալ դարի ընթացքում երկու անգամ (1917 և 1991 թվականներին) հանգեցրել է պետականության կորստի:
Հայաստանին ձեռնտու չէ թույլ Ռուսաստանը՝ Միացյալ Նահանգներից կախյալ:
Թերևս այդ պատճառով է, որ Ռուսաստանի հայերը ունեցել են և ունեն ամրապնդող դերակատարություն ռուսական պետականութան համար:

 

 

Ես հիմա չեմ անդրադառնա օտարերկրյա դրամաշնորհների դերին` մեր երկրում ռուսատյացությունը սրող տարբեր ակտիվիստներ և քաղաքական գործիչներ աճեցնելու գործում. մեզ փաստերն ու հետևանքներն են հետաքրքրում: Մասնակիցների ինքնության և նրանց ֆինանսավորման մասին բազմիցս բարձրաձայնվել է մեր ԶԼՄ-ներում:

 

 

- Հայաստանում հակառուսական բողոքի միջոցառումները, տարբեր ակցիաները, ըստ Ձեզ, ազնի՞վ են, թե՞ աչքի են զարնում երկակի չափանիշներով:



- Ինձ մտահոգում է հետևյալը. հայկական պետությունը և նրա ամբողջականությունը հետաքրքրո՞ւմ են արդյոք նրանց, ովքեր հակառուսական հիստերիա են կազմակերպում Հայաստանում: Ի դեպ, հակառուսական տրամադրվածությունը դեռ չի նշանակում տրամադրվածություն Հայաստանի պետական շահերի օգտին: Նմանապես` հակաամերիկյան տրամադրվածությունը դեռ չի նշանակում հայկական պետական շահերը պաշտպանելու տրամադրվածություն:

 

 

Փորձեմ հիմնավորել Հայաստանում հակառուսական հիստերիայի (այլ հիստերիա երկրում պարզապես չկա) հեղինակների վերաբերյալ կասկածներս: Հիստերիա, որը հեղեղել է գրեթե բոլոր լրատվամիջոցները, թե՛ իշխանությունների ազդեցության տակ գտնվող, թե` այլ: Ըստ իս, հակառուսական բողոքի ակցիաների կազմակերպիչների (չշփոթել մասնակիցների հետ) երկակի չափանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ խոսքն ընդամենը որոշակի տրամադրություններ սրելու և որպես հետևանք' մեր տարածաշրջանում Հայաստանի դեմ թուրքական էքսպանսիայի ուղիղ (գուցե և չգիտակցված) աջակցման մասին է:

 

 

- Իսկ ի՞նչ հիմքեր ունեք այս եզրակացության համար:



- Մինչ Ադրբեջանին զենքի վաճառքի ցավոտ թեման քննարկելը, ընդգծեմ, որ տարածաշրջանում Հայաստանի երկու ռազմաքաղաքական թշնամիներն Ադրբեջանն ու Թուրքիան են: Երկու պետություններն էլ ունեն Հայաստանը և հայերին ոչնչացնելու որոշակի ծրագրեր: Երկուսն էլ իրենց պատմության ընթացքում ցույց են տվել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կիրագործեն այդ ծրագրերը: Մյուս բոլոր երկրների հետ (այդ թվում' Իրանի և Վրաստանի) Հայաստանը պետք է գործի այնպես, որպեսզի հասկացնի, հիմնավորի և պաշտպանի իր շահերը տարբեր աշխարհաքաղաքական բևեռների միջև:

 

 

Հայաստանի շահերը պետք է հստակ և հասկանալի ձևակերպված լինեն, որպեսզի հնարավոր լինի դրանք շահախմբել (լոբբինգ անել) նաև տարբեր միջազգային հարթակներում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենքի վաճառքին, ապա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն արդարացում չունի: Մեր պետությունը և ժողովուրդը պետք է պահանջեն, որ Ադրբեջանին զենք վաճառելը, համենայն դեպս, հարձակողական սպառազինության վաճառքը դադարեցվի: Միանգամից ասեմ, որ Երևանի աշխարհաքաղաքական ակումբը նույնպես դեմ էր ու դեմ է Ադրբեջանին զենք վաճառելուն: Սակայն, առկա է որոշակի տարբերություն մեր և պետականամետ գործիչների, և մյուս կողմից' հակառուսական հիստերիկների դիրքորոշումների միջև:

 

 

- Իսկ ո՞րն է այդ տարբերությունը:



- Պետականամետ գործիչը կարծում է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի խանգարենք Ադրբեջանին սպառազինվել:

 

 

Պետականամետ գործչի համար միայն այն փաստը, որ Ադրբեջանը սպառազինվում է, միջամտություն և լուծումներ պահանջող խնդիր է, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել Հայաստանի ազդեցության լծակները բոլոր միջպետական կառույցներում' Ադրբեջանին զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքին խոչընդոտելու համար:

 

 

Հակառուսական հիստերիկը կարծում է, որ Ադրբեջանի սպառազինման փաստն ինքնին խնդիր չէ մեզ համար, խնդիրը միայն ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին: Մինչդեռ, Ադրբեջանին այս կամ այն չափով, այս կամ այն կերպ զինած երկրների ցուցակը բավականին տպավորիչ է և ներառում է 12 պետություն: Նրանց շարքում, այսպես ասած, բարձր քաշային կարգեր ունեն Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան և նույնիսկ` Բելառուսը:

 

 

- Խնդրի ի՞նչ լուծումներ են առաջարկվում:



- Պետական գործիչներն առաջարկում են խնդիրը լուծել` օգտագործելով ճնշման լծակները և միջազգային պայմանագրերի հանձնառությունները, ներառյալ` ՀԱՊԿ-ի, ԵվրԱզէս-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրո-ատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ), ՄԱԿ-ի: Հակառուսական հիստերիկներն առաջարկում են խզել հայ-ռուսական հարաբերությունները և վիրավորվածի կեցվածքով մի կողմ քաշվել: Հարց. Ռուսաստանն արդյոք կդադարեցնի՞ զենքի մատակարարումը Ադրբեջանին, եթե Հայաստանը լուծարի ՀԱՊԿ պայմանագիրը և 1998-ի բարեկամության և համագործակցության համաձայնագիրը:

 

 

- Ի՞նչ հետևանքներ կունենա հակառուսական հիստերիկների առաջարկները կամ պահանջներն իրականություն դարձնելը:



- Միանշանակ է, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ոչ թե կդադարեցնի Ադրբեջանի սպառազինման գործընթացը, այլ կհանգեցնի Հայաստանի համար զենք ձեռք բերելու հնարավորության գրեթե ամբողջական կորստի: Հայաստանը սեփական հրթիռներ, ինքնաթիռներ ու տանկեր չի արտադրում, և հիմա հնարավորություն չկա այդ ամենը մեզ մոտ արտադրելու: Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում զեղչված գներով: Հայաստանն ո՞ւմից պետք է զենք գնի, առավել ևս' զեղչված գներով: Իսրայելը, որ նույնիսկ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, հայերին զենք կվաճառի՞, այն էլ' զեղչված գներով… ԱՄՆ-ի դաշնակիցները, ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը, զինում են Ադրբեջանին:

 

 

Բացառված է, որ մենք կարողանանք զենք գնել Թուրքիայից: ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և եվրոպական այլ պետություններից նույնպես չենք կարող գնել: Մեզ զենք, ռազմական տեխնիկա կվաճառի՞ արդյոք Չինաստանը, և ի՞նչ զենք ու ռազմական տեխնիկա, ի՞նչ որակի, ի՞նչ գնով… Դեռ պատասխան չունեցող հարցեր են: Մեկ այլ և ոչ պակաս կարևոր հարց' իսկ ո՞ր պետությունը կպաշտպանի մեր օդային տարածքը: Կարո՞ղ ենք արդյոք ինքներս անել դա զուտ մեր ուժերով… Եթե այո, ապա ո՞ւր են դրա վերաբերյալ որոշակի, առարկայական, հիմնավորված առաջարկությունները: Խոսքս սոսկ տեսական բնույթի ենթադրությունների մասին չէ:

 

 

Այսպիսով, հարաբերությունները խզելու ճիչերը (թեկուզ և ոչ միշտ գիտակցված), ըստ էության, անմիջական աջակցություն են տարածաշրջանում թուրքական էքսպանսիային' ուղղված հայ ժողովրդի և հայկական պետականության վերացմանը: Իհարկե, խոսքը նախևառաջ նման հայտարարություններ անող քաղաքական և հասարակական գործիչների մասին է: Ակցիայի մասնակիցների մի մասը կարող է պարզապես լինել բացասական հուզական ֆոնի ազդեցության տակ:

 

 

- Ի՞նչ անել այս իրավիճակում:



- Անհրաժեշտ է կողմնորոշվել: Հայաստանի իշխանություններին, ընդդիմությանը և պարզապես հասարակական ակտիվիստներին անհրաժեշտ է հստակ կողմնորոշվել, թե որն է խնդիրը` Ադրբեջանի սպառազինումը, թե՞ միայն ռուսական մատակարարումները Ադրբեջանին:

 

 

Անհրաժեշտ է նաև հստակ կողմնորոշվել գործողություններում'ցանկանում ենք արդյոք խոչընդոտել Ադրբեջանի սպառազինմանը, թե պարզապես պատրաստվում ենք բողոքել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի դեմ: Տարբերությունը հսկայական է և ծառայում է երկու տրամագծորեն հակադիր նպատակների:

 

 

Անդրադառնալով, այսպես կոչված, ձվային քաղաքականությանը, ասեմ, որ երբ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ հանրահավաքի կազմակերպիչները ցույց են անում ու ձվեր նետում միայն Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ' անտեսելով Ուկրաինայի, Բելառուսի, Իսրայելի և այլ պետությունների դեսպանատները և հյուպատոսությունները, ապա բավականին հիմնավոր հարց է առաջանում' Ադրբեջանի սպառազինվելը չի անհանգստացնո՞ւմ կազմակերպիչներին: Նրանց հետաքրքրում է միայն Ռուսաստա՞նը… Հետևաբար, թող ազնվություն ունենան բացեիբաց հայտարարելու' մենք դեմ չենք Ադրբեջանի սպառազինմանը, դեմ ենք միայն ռուսական սպառազինության առաքումներին:

 

 


- Աղմուկ բարձրացավ նաև ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ Լավրովի կամ ռուսական ծրագրի առնչությամբ, կա՞ կամ կա՞ր այդպիսի ծրագիր, հիմնավո՞ր էր այդ աղմուկը, թե նպատակային հրահրվեց` Հայաստանում հակառուսական տրամադրություններ խթանելու, զարգացնելու համար:



- Լավրովը դեռ Հայաստան չէր եկել, երբ ի հայտ եկան մեծ թվով վայ-վերլուծաբաններ, ովքեր, թվում է, Պուտինի և Լավրովի հետ միասին են ապրում (հետաքրքիր է' Պուտինը և Լավրովը տեղյա՞կ են դրան…): Նրանք պնդում էին, թե գիտեն Հայաստանը և Ղարաբաղը թուրքերին հանձնելու Լավրովի և Պուտինի գաղտնի մտադրությունների մասին: Որտեղի՞ց գիտեին… Ընդհանրապես պարզ չէ, թե որտե՞ղ և ե՞րբ են հարգելի վերլուծաբանները լսել Ռուսաստանի ղեկավարության գաղտնի փսփսոցները: Ռուս-թուրքական հարաբերությունների սրվածության ներկա համապատկերին նման վերլուծությունը, մեղմ ասած, շատ տարօրինակ է: Ընդհանուր առմամբ, այսպիսի վերլուծությունները պետք է հիմնված լինեն պաշտոնական հայտարարությունների, փաստաթղթերի, երբեմն գոնե հեղինակավոր վերլուծական կենտրոնների, ինչպիսին Stratfor-ն է, հղումների վրա: Մնացածը կարող է ընդամենը վարկած կամ ենթադրություն լինել, ոչ ավելին: Բայց նույնիսկ ենթադրությունը պետք է դրա համար ինչ-որ հիմքեր ունենա:

 

 

Առհասարակ, պարզ չէ, թե ինչպես կարելի է հանձնել Ղարաբաղը կամ ազատագրված տարածքները, եթե դա չեն ցանկանում հենց իրենք' հայերը: Հայաստանի, Արցախի ոչ մի նախագահ, նույնիսկ, եթե Աստված մի արասցե, ցանկանա, տարածքը հանձնել չի կարող: Նման քայլը կարող է նշանակել ռազմական հեղաշրջում երկրում' ժողովրդի գրեթե միասնական կամ միասնական աջակցությամբ: Միայն Ղարաբաղի ճանաչումը կարող է խնդիրը մեկընդմիշտ լուծել: Տարածքների հանձնման կողմնակիցներին խորհուրդ եմ տալիս հանգստանալ ինչ-որ տեղ Թուրքիայում, կարելի է հենց, այսպես կոչված, «Իսլամական պետության» մայրաքաղաքում:
Հիստերիան, որ բռնկվել էր հայկական որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Լավրովի ծրագրերի» վերաբերյալ, և այն վերլուծությունները, թե Ռուսաստանը նպատակ ունի հասնել տարածքների հանձնմանը, որոշակի նպատակներ էին հետապնդում: Խնդիր էր դրված օգտագործելով նաև ապրիլյան ողբերգական իրադարձությունները, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի փաստը, նաև այդ հիստերիայի և շինծու վերլուծությունների միջոցով քայլ առաջ կատարել տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի թշնամիների աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու ուղղությամբ:

 

 

- Իսկ որո՞նք են Լավրովի իրական ծրագրի արդյունքները:



- Ռուսաստանն, ըստ էության, պաշտոնապես ճանաչել է (դիվանագիտական նոտայի տեսքով) Ադրբեջանի կողմից ագրեսիայի փաստը: Ապրիլի 12-ին ՌԴ ԱԳՆ-ն ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին նոտա է ուղարկել, որով կոչ է արել պահպանել զինադադարը: Ռուսաստանը նաև հիշեցրել է, որ 1994-ի զինադադարի պայմանավորվածությունն ունի անժամկետ բնույթ, իսկ այդ պայմանավորվածությանը մասնակից են երեք կողմեր'Հայաստանը, Արցախը, Ադրբեջանը: Ավելին. Ռուսաստանը պաշտոնական մակարդակով ճանաչել է, որ բանակցային գործընթացը ձախողել է հենց Ադրբեջանը:

 

 

Լավրովը խոսելով հակամարտության կարգավորման մասին, նշեց 3 կողմերին' Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի նման դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, հնարավոր դարձավ հայկական դիվանագիտության շնորհիվ, և ոչ թե'Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների: Քաղաքականության մեջ շահն է դեր խաղում, ոչ թե' բարեկամությունը: Իհարկե, սա բավարար չէ, բայց ԼՂՀ-ին որպես բանակցային կողմ ճանաչելու ուղղությամբ քայլերը պետք էր սկսել դեռ երեկ:

 

 

- Ի՞նչ կարծիքի եք այն կարգախոսի առնչությամբ, որ մեզ պետք չեն դաշնակիցներ, ինքներս գլուխ կհանե՞նք:



- Համաձայն եմ այն թեզի հետ, որ Հայաստանն առաջին հերթին պետք է սեփական ուժերին ապավինի: Բայց աշխարհը մեծ է, և բոլոր գործընթացները նրանում փոխկապակցված են: Յուրաքանչյուր երկրի սեփական ուժը, բացի ներքին ուժից, նաև նրա դիրքն է միջազգային ասպարեզում: Եվ այդ դիրքը բնութագրվում է նախևառաջ դաշնակիցների առկայությամբ: Այնպես որ, Հայաստանը պետք է ընդլայնի իր դաշնակիցների ցանկը, այլ ոչ թե նվազեցնի այն: Աշխարհում չկա մի երկիր, որը կարող է առանց դաշնակիցների յոլա գնալ: Նույնիսկ ամենահզոր պետությունը' ԱՄՆ-ը, փորձում է ավելացնել իր դաշնակիցների թիվը:

 

 

Հակառուսական հիստերիայի կարևոր թեզերից կամ պատճառաբանություններից մեկն էլ այն է, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ուստի ուշադրությունը նրանց վրա է: Հակառուսական հիստերիայի հեղինակները, սակայն, չեն ընդունում այն փաստը, որ Ռուսաստանը դաշնակից է, դա ձևականություն են համարում: Այնպես որ, եթե, ինչպես իրենք են կարծում, Ռուսաստանը դաշնակից չէ, ապա այլ պետությունների ակնհայտ հակահայկական գործողությունների վրա աչք փակելը կատարյալ ցինիզմ է: Իսկ եթե նրանք Ռուսաստանին դաշնակից են համարում, հետևաբար գիտակցում են, որ Ռուսաստանը կատարում է դաշնակցային պարտավորությունների առնվազն մի մասը (օրինակ' օդային տարածքի պաշտպանությունը), ապա գուցե այդ դեպքում պայմանագրերն օգտագործե՞նք ի շահ Հայաստանի: Թող կողմնորոշվեն' վերջապես, դաշնակի՞ց է, թե ոչ:

 

 

Վերջին օրերի հակառուսական հիստերիայի ուռՃացվածությունը ստիպում է ընդունել քաղտեխնոլոգների կողմից հայերի զգացմունքների և իր երկրին օգնելու յուրաքանչյուր հայի ծարավի ցինիկ մանիպուլյացիայի փաստը: Հիասթափեցնող է, որ այդ ցինիկ մանիպուլյացիան կատարվում է նաև մեր զինվորների արյան վրա` ի վնաս մեր երկրի շահերի:

 

 

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի