Եվ նորից այդ չարաբաստիկ հավասարության նշանը ու նորից «ռազմավարական դաշնակցի» կողմից, չնայած որ արևմտյան ոչ դաշնակիցների կողմից էլ մշտապես նույնն է՝ հավասարության նշան: Բայց դե արևմտյան մեր գործընկերները գոնե իրենց «դաշնակից» չեն անվանում, իսկ «դաշնակից» Ռուսաստանը, որը համատեղության կարգով նաև Ադրբեջանի «ռազմավարական գործընկերն» է, նորից շտապեց իր «հավասարեցնող» հայտարարությունն անել: Անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը. ՌԴ ԱԳՆ-ն այս անգամ էլ յուրահատկություն չցուցաբերեց և նույն ոճի մեջ արձագանքեց շփման գոտում լարվածության կտրուկ ուժեղացմանը, չնայած որ վերջին օրերին մեր իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով հասկացրել էին Ռուսաստանին, որ ժամանակն է իրերն իրենց անուններով անվանել և դատապարտել իրական ագրեսորին:

 

Ինչպես տեսնում ենք, դա չեղավ և հերթական անգամ մենք հասկացանք, որ երբևէ որևէ այլ պետության կողմից աջակցության վրա հույս դնելն անիմաստ է, ընդհակառակը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հաղթանակի բանալին մեր ձեռքերում է լինում, «դաշնակիցներն» ու «գործընկերները» հանդես են գալիս են միայն զսպողի դերում' հնարավորություն չտալով ավելի մեծ հաջողությունների հասնելու:

 

Իհարկե, ինչպես և նախկինում եմ ասել, այստեղ մեղքի իրենց բաժինն ունեն նաև ՀՀ իշխանությունները՝ թույլ միջազգային քաղաքականության և գործընկերների հետ ցանկացած տիպի համագործակցության մեջ թույլ դիրքեր գրավելու համար:

 

Կարեն Վարդանյան