Այսօր կառավարության հերթական նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության անդամներին զեկուցեց քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի մասին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախարարի խոսքով՝ ստեղծվել են աշխատանքային խմբեր Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որոնց կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման համապատասխան մեթոդաբանություն և կազմակերպվել են որոշակի աշխատանքներ:

 

«Անմիջական աշխատանքներ ընտանիքների հետ կազմակերպվել են տեղերում ձևավորված խմբերի կողմից: Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին: Ուսումնասիրվել են բնակարանային կոմունալ հարմարությունները և այլ տվյալներ»,- ասաց նախարարը և նշեց, որ ուսումնասիրությունն ընդգրկել է 64 ընտանիք:

 

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրված ընտանիքներից անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները 17-ն են, ուսումնասիրվել են ընտանիքների այն անդամները, ովքեր աշխատանքի խնդիր ունեն, պարզվել է, որ ընտանիքներ կան՝ հնարավորութւոյան դեպքում կարող են զբաղվել տնտեսական գործունեությամբ, զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, որոշները նաև վիրահատության կարիք, մի մասն ունեն վարկային պարտավորություններ:

 

Նշեց, որ այս ընտանիքներին կտրվեն դրամական օգնություններ, ընդ որում՝ նախարարը շեշտեց, օրենսդրությամբ սահմանված է երկու միլիոն ապահովագրական վճար՝ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և գերեզմանի բարեկարգման համար, որոնք վճարվում են ՊՆ-ի կողմից:

 

Ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում է ամսական վճարվող թոշակներ և պարգևավճարներ:

 

Ուշադրության կենտրոնում կպահվեն նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողները և աշխարհազորի անդամները: