Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին, ով այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես Արցախի համար ստեղծված այս ծանր օրերին: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Մ. Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:

 

 

Բարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, և մի քանի բնակարանի կառուցում ևս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը: