Արտաքին աշխարհում տեղի ունեցող ջղաձգումները հետզհետե սկսում են ազդել նաև Հայաստանի նեքին քաղաքականության վրա, ինչը միանգամայն սպասելի էր: Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբռնկման օրվանից ի վեր Թուրքիան, որ իրեն համարում է Ադրբեջանի մեծ եղբայրը, անթաքույց սկսեց հանդես գալ Հայաստանի դեմ ու նույնիսկ խրախուսել Բաքվի ագրեսիան ընդդեմ Հայաստանի, ինչը, պարզվում է, մերոնց ստիպել է մի լավ ծանրութեթև անել այս երկրի հետ չեղած տնտեսական հարաբերություններն ու չբացառել թուրքական ծագման ապրանքների էմբարգո մտցնելու հնարավորությունը:

 

 

Այսպես՝ օրերս ԱԺ-ում անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելու վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, ըստ որի, էկոնոմիկայի նախարարությունն արդեն սկսել է ուսումնասիրել նման հնարավորությունը: Ասել կուզի՝ հայրենի կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը:



Ինչ խոսք, չողջունել այս քայլը որևէ մեկը, կարծում ենք, չի կարող, քանի որ Հայաստանում դժվար գտնվի գեթ մեկը, ով հաճույքով է սպառում թուրքական ապրանքներ մի պարագայում, երբ թուրքական տմարդի քաղաքականության արդյունքում մեր սահմանները վտանգվում են ամեն օր: Բայց խնդիրը մեկ ուրիշ կողմ էլ ունի՝ տնտեսականը: Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք, և դրա մեծագույն մասն այնպիսի ապրանքներ են, որոնք ներկրում են փոքր ու միջին գործարարները: Այսինքն' նման արգելք մտցնելու դեպքում տուժելու են հենց փոքր ու միջին ներկրողները,ինչն էլ, իր հերթին, նշանակում էերկրի ներսում նորանոր սոցիալական խնդիրներ:

 

 

Իհարկե, գաղափարը անառարկելիորեն հրաշալի կարելի է համարել, բայց մի բնական հարց կարող է առաջանալ՝ արդյոք մենք ի վիճակի կլինե՞նք թուրքական ապրանքները փոխարինել տեղականներով կամ շտապ կարգով մեկ այլ երկիր գտնել՝ ինչ-ինչ ապրանքատեսակների ներմուծում կազմակերպելու համար: Անշո՛ւշտ, շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե մենք այնպիսի հզոր ու կայացած տնտեսություն ունենայինք, որ հանգիստ կարողանայինք թուրքական ապրանքները փոխարինել տեղականով, ինչպես դա շատ դեպքերում անում է ասենք Ռուսաստանի Դաշնությունը, որը, ինչպես գիտեք, ինքն է արգելքներ սահմանել երկիր թուրքական ծագման ապրանքներ ներմուծման առումով:Բայց թուրքական ապրանքները տեղականներով փոխարինել մենք կարող էինք միայն այն պարագայում, եթե նախորդ տարիներին հայրենի կառավարության կողմից մշակած ու իրականացրած տնտեսական քաղաքականությունն ի նպաստ տեղական արտադրողի լիներ, ու ամեն ինչ չարվեր փաստացի սնանկացնելու տեղացի բիզնեսմեններին, հատկապես նրանց, ովքեր, ինչպես ասում են, «կռիշ չունեն» իրենց գլխին ու ինչ-ինչ չինովնիկների կողմից չեն հովանավորվում: Եթե կուզեք, ամենևին էլ պարտադիր չէր, որ պատերազմ սկսվեր ու նոր միայն մերոնք մտածեին թուրքական ապրանքներն արգելափակելու մասին. նման քաղաքականություն պետք է վարվեր ամենասկզբից՝ տեղ բացելով տեղական արտադրանքի համար, ինչը, ցավոք, չի արվել, ու հիմա էլ հապճեպ որոշումներ կայացնելով՝ փորձում են ինչ-որ քաղաքականություն իրականացնել…

 

 

Մնում է պարզապես հուսալ, որ համապատասխան օրենքի ընդունման պարագայում այն ծանր չի անդրադառնա հայրենական տնտեսության վրա, ու կկարողանանք առաջացած վակումը լցնել ոչ թե ներմուծված ապրանքներով, այլ թեկուզ այստեղ կազմակերպել որոշակի արտադրություն, փոքր արտադրություններ՝ հայրենի տնտեսությունը աշխուժացնելու հույսով. պատերազմող երկիր ենք, ու հավելյալ աշխատատեղերն ու եկամուտները դեպի բյուջե, ոչնչով չէին խանգարի մեզ:



Դավիթ Բաբանով