Բյուրականի աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակի (շահագործման է հանձնվել 1976թ.) հայելու տրամագիծը 260 սանտիմետր է: Այս դիտակը, որը թույլ է տալիս դիտել մինչև 25-րդ աստղային մեծության տիեզերական մարմինները, այժմ համարվում է միջին կամ միջինից փոքր դասի դիտակ, մինչդեռ ժամանակին եղել է մեծ դիտակների շարքում: Այնուամենայնիվ, այն մեր տարածաշրջանում այսօր էլ շարունակում է մնալ ամենախոշոր դիտակը, չհաշված Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի 6 մետրանոց դիտակը:

 

 

Դիտողական տեխնիկայի հարցերով աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մովսիսյանի տեղեկացմամբ, 90-ականների ծանր ժամանակաշրջանում 4-5 տարի պարապուրդի մատնվելուց հետո, աստղադիտակը 1996 թվականին իրենց ֆրանսիացի գործընկերների օգնության շնորհիվ վերազինվել է թվային սարքավորմամբ, և այդ նոր սարքավորմամբ վերսկսվել են դիտումները:

 

 

«Հայելու ալյումինի շերտն արդեն դեգրադացվել էր, անդրադարձման գործակիցը պակասել էր, ցրված լույսն ավելացել էր, և հարց առաջացավ արդիականացնելու, առաջինը' հայելու անդրադարձնող այդ ալյումինե շերտը վերականգնելու, երկրորդ' ղեկավարման համակարգը լրիվ փոխելու և արդիականացնելու, թվային համակարգի անցնելու»,- ասաց Տիգրան Մովսիսյանը և քիչ հետո հավելեց, որ այդ աշխատանքների համար գումարը հատկացվել է պետբյուջեից:

 

 

Վերոնշյալ բոլոր խնդիրները լուծվել են, ստեղծվել է նաև մի ծրագրային ապահովում, որի շնորհիվ հսկայական ու բարդ դիտակը ղեկավարվում է մեկ համակարգչով: Արդիականացման շնորհիվ մեծապես բարձրացել է դիտումների որակը: Հայելու անդրադարձնող շերտի փոփոխության և անդրադարձման գործակցի բարելավման արդյունքում հնարավոր է դարձել տիեզերական ավելի թույլ օբյեկտների հետազոտությունը: Ղեկավարման անալոգային համակարգը թվայինով փոխելն, իր հերթին, հնարավորություն է տվել ավելի ճիշտ ուղղորդել դիտակը, հետևել աստղին, ինչը նույնպես նշանակում է, որ մասնագետները կարող են ավելի թույլ օբյեկտներ հետազոտել:
«Դիտակը լիարժեք աշխատում է,- հավաստեց փոխտնօրենը:- Արդեն մենք ունենք ժամանակացույցը դիտումների, ժամանակը բաշխվում է տարբեր գիտական խմբերի մեջ, և այդ խմբերը գիշերը գալիս են դիտումներ անցկացնելու»:

 

 

Պարոն Մովսիսյանի տեղեկացմամբ, մայիսի 5-ին անգլիական ֆիրմայի նոր ընդունիչ համակարգն արդեն կհասնի Բյուրական, այն պետբյուջեի միջոցներով գնվել է այսօրվա լավագույն արտադրողի կողմից: Ըստ փոխտնօրենի, եթե այսօր պատվիրվի այս կարգի դիտակ, ապա կարժենա մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ, երբ տվյալ աստղադիտակը տեղադրվել է Բյուրականում, այն աշխարհում 7-րդ տեղում է եղել, հիմա մոտ 50-րդ տեղն է զբաղեցնում, որովհետև աշխարհում կառուցվել են ավելի խոշոր դիտակներ: Չնայած այս հանգամանքին, Բյուրականի աստղադիտակը դեռ չի սպառել իր հնարավորությունները և թույլ է տալիս առաջիկայում նույնպես կատարել կարևոր բացահայտումներ:

 

 

Ա. Հովհաննիսյան