Այն, որ մեր երկրում մշտապես սուր է դրված եղել սոցիալական ու հասարակական հավասարության խնդիրը, հայտնի է ցանկացած քաղաքացու: Ավա՜ղ, ցավով պետք է փաստենք, որ մեզ այդպես էլ այս երկարուձիգ տարիների ընթացքում չհաջողվեց կառուցել մի հասարակություն, որին բնութագրական լիներ հավասարությունն ու համընդհանուր կոնսոլիդացիան, ինչի արդյունքում էլ, հաճախ, ականատես ենք դառնում երևույթների, որոնք չեն կարող արդարացված համարվել: Ինչ խոսք, քառօրյա պատերազամում մեր ունեցած հաղթանակը, որ վստահորեն կարելի է դասել մեր փառապանծ ժողովրդի հերոսական պատմության փառահեղ էջերի շարքին, ձեռքբերումն է յուրաքանչյուրիս, հասարակության յուրաքանչյուր անդամի, որ հնարավոր դարձավ մեր հերոսների անձնուրացության ու անօրինակ քաջության շնորհիվ:

 

 

Սակայն այս օրերին, երբ ազգային ոգու ու ինքնագիտակցության աննախադեպ պորտկում է տիրում երկրում, ոմանց մոտ կարող է հարց առաջանալ, թե այդ օրերին քանի՞ չինովնիկի զավակ է եղել առաջնագծում ու հասարակ խավի ընտանիքների ծոցից դուրս եկած զավակների հետ ձեռք ձեռքի տված՝ կերտել մեր հաղթանակն ու անսասան պահել երկրի սահմանները: Ի դեպ հարցն այս վերջերս լայնորեն սկսել է հետաքրքրել նաև զլմ-ներին, ու լրագրողները առիթը բաց չեն թողնում՝ այս կամ այն պաշտոնյայից անձամբ տեղեկանալու, թե ինչ անձնական ներդրում ունեն նրանք մեր երկրի սահմանների պաշտպանության գործում:

 

 

Պարզվում է՝ այս անգամ լրագրողների «դռբի» տակ է հայտնվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով, անդրադառնալով պաշտոնյաների զավակների՝ բանակում չծառայելու խնդրին, ասել է. «Ո՞վ է արել այդ մոնիթորինգը, մենք կխնդրենք տեղեկանք ներկայացնել' ովքեր են առաջնագծում, ովքեր' ոչ: Ես անձամբ եղել եմ առաջնագծում և այդպիսի տարաբաժանում չեմ նկատել: Դուք տեսնում եք՝ հաջողություններն ակնհայտ են: Ընդամենը երեք-չորս օր կարողացաք համբերել, դա վերաբերում է և՛ լրագրողներին, և՛ քաղաքական գործիչներին: Եթե այդ միջոցով ցանկանում եք խլրտուք մտցնել մեր զինվորների միջև, ընտանիքների միջև, դա չի հաջողվելու որևէ մեկին»: Ի հավելումն այս ամենի՝ Բաղդասարյանը հպարտորեն հայտարարել է. «Իմ հորաքրոջ թոռն ու հորեղբոր թոռը նույնպես առաջնագծում են, և եթե ձեզ հետաքրքրում է, դուրս կգամ կհետաքրքրվեմ, կասեմ»:

 

 

Դե հիմա ասե՛ք՝ նորմալ մարդն ինչպիսի՞ տպավորություն կարող է ստանալ այս պատասխանից: Հիմա ի՞նչ, համարենք, որ Վահրամ Բաղդասարյանը պետության ու ազգի առաջ իր սրբազան պարտականությունը կատարե՞լ է, որ բարեհաճել է ասենք 7 պորտ հեռավորությամբ իր հարազատների համար չմիջնորդել ու չազատել նրանց բանակ գնալու պարտականությունից:Ցնծա՞նք, գովերգե՞նք նրա անձնուրացությունը, թե՞ մի փեշ մեդալ տանք միայն այն բանի համար, որ Բաղդասարյանը այնքան խոնարհ է գտնվել, որ չի չարաշահել իր պաշտոնական դիրքն ու հանդուրժել է հեռավոր հարազատների՝ բանակ գնալու փաստը, այն պարագայում, երբ, իր իսկ պնդմամբ, իրենք մի ընտանիք են, ու ինքը այդպիսի հնարավորություններ կարող էր ունենալ…



Հարցի պատասխանը թողնում ենք, թերևս, յուրաքանչյուրիդ ու հույս հայտնում, որ գոնե հիմա, երբ ազգովի կանգնած ենք լինել-չլինելու եզրին, մի կողմ կթողնենք սոցիալական տարբերություններից բխող մեզ հատուկ առանձնահատկություններն ու գոնե այստեղ հարուստն ու աղքատը միմյանցից էականորեն չեն տարբերվի. հակառակ պարագայում՝ կդատապարտվենք բոլորս, պատասխանատվություն կկրենք պատմության ու սերունդների առաջ ամենքս այն բանի համար, որ անգամ ճակատագրական պահին չկարողացանք մի կողմ թողնել մեր անձնական ամբիցիաներն ու միահամուռ ջանքերով լծվել ընդհանուր գործին՝ հայրենիքի փրկությանը:



 Դավիթ Բաբանով