Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան արդեն սկսում է սովորել ռուսական կործանիչների «ոչ պրոֆեսիոնալ» մանևրների պատճառով Պենտագոնի «նեղացվածություններին»։ Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27 կործանիչի և ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպն այդպես է մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Նա ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքները «համապատասխանում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան RC-135U-ն «ամեն անգամ փորձում է մոտենալ ռուսական սահմանին՝ անջատված տրանսպոնդերով»։

 

 

«Այդ պատճառով ՀՕՊ ուժերը ստիպված են լինում օդ բարձրացնել մեր կործանիչը՝ վիզուալ կերպով ճանաչելու ինքնաթիռի տեսակը և նրա համարը։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ խնդիրը երկու լուծում ունի՝ կամ չթռչել մեր սահմանների մոտով, կամ միացնել տրանսպոնդերը…»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: