Իսրայելական և արևմտյան հատուկ ծառայությունների կողմից զբոսաշրջիկներին ուղղված նախազգուշացումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Թուրքիան «Իսլամական պետության» համար պարարտ հող է: Այդ մասին ասված է Israel Hayom-ում հրապարակված հոդվածում:

 

 

Այն բանից հետո, երբ 2015թ. Թուրքիան հարեց հակաահաբեկչական կոալիցիային, ԻԼԻՊ-ի կողմից նրա հասցեին ավելի հաճախ սկսեցին հնչեցվել սպառնալիքներ, սակայն Էրդողանը դրանք լուրջ չընդունեց: Արևմուտքում նույնիսկ շատերը կարծում էին, որ նրա ագրեսիվ քաղաքականությունը և կայուն իշխանությունը թույլ կտան հեշտությամբ գրոհել իսլամիստ ահաբեկիչներին:

 

 

Իսկապես, արևմտյան երկրներում հավասարակշռություն կա ահաբեկիչների դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության միջև, իսկ Էրդողանը ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ ուժային կառույցներին գործողությունների ազատություն տվեց՝ ներառյալ երկարատև ձերբակալության իրավունք, պարեկային ժամի հաստատում, ամբողջական քաղաքների շրջափակում, թերթերի գործունեության արգելում:

 

 

Սակայն պարզվեց, որ Էրդողանի քաղաքականությունը նախևառաջ ուղղված է քուրդ ահաբեկիչների դեմ, ոչ թե ԻԼԻՊ-ի: Թուրքիան երկար ժամանակ արհամարհում էր այդ վտանգը, քանի որ խմբավորման գոյության մեջ տեսնում էր Սիրիայի քրդերի դեմ պայքարում իր դաշնակիցներին: Արդյունքում այսօր Թուրքիան վճարում է իր անպատասխանատու քաղաքականության համար մի քանի ոլորտներում:

 

 

Նախևառաջ Թուքիան ահաբեկիչներին թույլ տվեց առանց որևէ վերահսկողության իր տարածքով ներթափանցել Սիրիա: Խմբավորման որոշ ակտիվիստներ մնացին Թուրքիայում և ստեղծեցին իրենց ենթակառուցվածքները: Արևմտյան հետախուզությունը վաղուց էր զգուշացնում, որ ԻԼԻՊ-ի ակտիվիստները Ստամբուլում ժողովրդական մեծ աջակցություն են վայելում: Երկրորդ՝ Սիրիայից Թուրքիա եկած փախստականների մեջ նույնպես կլինեն ԻԼԻՊ-ի ներկայացուցիչներ: Ահաբեկիչներ կլինեն նաև ԵՄ-Թուրքիա վերջին համաձայնագրով եվրոպական երկրներից Թուրքիա վերադարձվող փախստականների շարքերում:

 

 

Եվ վերջապես՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ ուղղված պայքարի ջանքերը գործադրվում են ԻԼԻՊ-ի վերաբերյալ տվյալների հավաքագրման հաշվին: Թուրք ուժայինները կարողացան ՔԱԿ-ի մեջ գործակալներ խցկել, ձերբակալություններ իրականացրին և թույլ չտվեցին նրանց իրենց գործունեությունը տարածել երկրի հարավ-արևելքում: