Անշո՛ւշտ, կհամաձայնեք, որ չափազանցրած չենք լինի, եթե պնդենք` Հասմիկ Պողոսյանը` ՀՀ մշակույթի նախարարը, մեկն է Հայաստանի կառավարության այն անդամներից, ում երկարամյա գործունեությունն արժանացել ու շարունակում է արժանանալ ոչ միանշանակ գնահատականների: Այս տիկնոջ կողմից իրականացվող մշակութային քաղաքականության վերաբերյալ հնչող կարծիքներն ու գնահատականներն միմյանցից այնքան տարբեր են, որ թվում է՝ Հայաստանի մշակութային հանրությունը բաժանվել է երկու ճամբարների՝ պողոսյանամետների ու հակապողոսյանականների: 

 

 

Թե պողոսյանամետներն իրենց սիրելի նախարարի անփառունակ գործունեությունն արդարացնելու, դրանում դրական հատիկներ գտնելու գործում հատկապես ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, թերևս, դժվար է ասել, բայց այն, որ նախարարի գործունեության դեմ արտահայտվողներն իրենց զինանոցում փաստարկների պակաս չունեն, երևաց հատկապես օրերս կայացած Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարում, երբ արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյանը, բարձրանալով բեմ՝ ելույթ ունենալու, իր խոսքը համեմեց այնպիսի հակաիշխանական (եթե կարելի է այդպես ասել՝ համարելով, որ ՀՀ մշակույթի նախարար Պողոսյանը իշխանությունների մի մասն է) պաթոսով, որ անգամ ամենաթունդ ընդդիմադիրի նախանձը կշարժեր:

 

 

Մեջբերենք այդ ելույթից մի փոքր հատված. «Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են գլխավոր թատրոնները, ինչպիսիք են՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կամ Օպերային թատրոնը, չունենալ գլխավոր դիրիժոր: Նույնիսկ քննարկման ենթակա չէ այն իրողությունը, որ ամեն թատրոն պետք է և պարտավոր է ունենալ գեղարվեստական ղեկավար: Եթե իմ կարծիքը հարցնեք՝ գեղարվեստական ղեկավար կարող է լինել տնօրենը, որովհետև նույն մարդը, և´ գործնական, և´ ստեղծագործական իմաստով, կարող է միավորել թատրոնը… Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, ինչի՞ համար է և ո՞ւր է տանում կասկածելի այս աշխատաոճը»:

 

 

 

Ի դեպ, պարզվում է' Էմանվել Արաքսման-Մանուկյանի ելույթին տեղից արձագանքել է նաև դիրիժոր Արա Պետրոսյանը, ով ասել է. «Ինչո՞ւ Ձեր հարցն ըստ էության չի հնչում, պարո՛ն Մանուկյան, ինչո՞ւ եք վախենում երևույթներն իրենց անուններով կոչելուց, ինչո՞ւ բարձրաձայն չեք տալիս այն մարդու անունը, ով այս ամենի հեղինակն ու մեղավորն է, և Դուք գիտեք, թե դա ով է՝ Հասմիկ Պողոսյանը»:



Հիմա եթե փորձենք մոտավոր պատկերացում կազմել Հասմիկ Պողոսյանի մասին իշխող կարծիքի մասին, ինչպիսի՞ եզրակացության պետք է գանք, ի՞նչ եք կարծում. դե իհարկե' բացասական: Պետք է փաստենք, որ մարդիկ, պարզապես, հոգնել են նախարարի անհասկանալի քաղաքականությունից, չեն կարողանում իրենց բովանդակ ուղեղներում տեղավորել այն անհասկանալի թեզը, թե առանց գլխավոր դիրիժորի կամ գեղարվեստական ղեկավարի էլ մշակութային օջախները «յոլլա» կգնան:Ասենք ո՞րն է այդ տեսության հիմնավորումը, մեզ Մշակույթի նախարարությունից կարո՞ղ են պարզաբանել: Եթե նպատակ է դրված ոչնչացնել հայ մշակույթը՝ իր բոլոր ատրիբուտներով հանդերձ, միանգամից հայտարարե՛ք այդ մասին, մարդիկ էլ հասկանան' իրենց անելիքը որն է: Դա նույնն է, ինչ համարես, որ երկրին նախագահ կամ վարչապետ պետք չէ, ու անարխիզմը պետական կառավարման լավագույն համակարգն է, որ մարդկությունն երբևէ հորինել է… Դե եթե այդպես է, ապա ո՞վ է ասել, որ Մշակույթի նախարարությանը հարկավոր է նախարար, ո՞վ է ասել, որ սույն պետական կառույցը չի կարող բավարարվել ասենք միայն համապատասխան վարչության պետեր ունենալով. ինչո՞ւ, այդ դեպքում, չեք ինքնալիկվիդացվում, կարո՞ղ եք ասել…



Փաստ է՝ այսպես շարունակվել չի կարող, և այս հարցը պետք է արժանանա պետության բարձրագույն ղեկավարության ուշադրությանն ու ստանա իր սպառիչ պատասխանը: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում, եթե պետք է անգամ նման խնդիրներով անհանգստացնեն ասենք նույն Հանրապետության Նախագահին, ապա էլ ո՞ւմ են պետք, նրանք, ովքեր ի պաշտոնե են պարտավոր առաջացած հարցերին լուծում տալ… Հիմա նախագահականում Ադրբեջանի դեմ պատերազմ վարելու համապատասխան մարտավարություն մշակե՞ն, թե՞ թատրոնների հարց քննարկեն… Պատասխանը թողնում ենք Հասմիկ Պողոսյանին:



Դավիթ Բաբանով