Ասում են, թե աղքատ երկիր ենք, փող չկա, ոմանք էլ հավատում են: Բայց կա փող, կա, ուղղակի անիմաստ բաների վրա է ծախսվում կամ էլ ոմանց գրպանն է մտնում ու հիմք դառնում նորանոր դղյակների և «տանկատիպ» մեքենաների ավելացման: Օրինակ՝ նայում էի մեր հայրենի կառավարության 2016թ. նախատեսված ծախսերը և այդ ծախսերի մեջ հատկապես աչքովս ընկավ այն 59,5 միլիոն դրամը, որը պետք է ծախսվի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող գիտական հետազոտությունների խորհրդատվական ծառայության համար: Թե այդ ինչ գիտական հետազոտություններ են պետք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, դա այլ թեմա է և նույնիսկ անիմաստ քննարկելու ու դրա վրա ժամանակ ծախսելու, որովհետև, իմ խորին համոզմամբ, կա կառուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ընդամենը մի միջոց՝ բռնել ու պատժել բոլոր «կոռուպցիոներներին», «նստեցնել» նրանց, ժողովրդական լեզվով ասած՝ «փակել», ու հնարավորինս երկարաժամկետ «փակել», ու վերջ, հարցերը լուծված կլինեն… Բայց դա այլ թեմա է, եկեք ավելի լավ է խոսենք խորհրդատվության ու 59,5 միլիոն դրամի մասին:

 

Որևէ մեկը կարո՞ղ է ինձ՝ միջին ունակությունների տեր մարդուս, բացատրել, թե այդ ի՞նչ խորհուրդներ են տալիս և ովքե՞ր ու ինչպե՞ս են այդ խորհուրդները տալիս, որ դրա վրա պիտի ծախսվի 59,5 միլիոն դրամ: Կամ ընդհանրապես, ո՞նց կարելի է այդքան գումար ծախսել խորհուրդների վրա: Եթե խորհուրդներ են պետք, հարգելի կառավարություն, կարող եք զանգել ինձ և ամբողջ օրը ու անվճար այնքա՜ն խորհուրդներ տամ, որ կհոգնեք: Կամ եթե ձեզ համար այդքան սկզբունքային է, որ խորհրդատվությունը պարտադիր պետք է լինի վճարովի, այն էլ՝ այդքան բարձր վճարովի, ուրեմն ես ավելի լավ է փնտրեմ խորհրդատուի աշխատանք. շատ ձեռնտու է: Բայց ամեն դեպքում 59 միլիոն դրամ չեմ ուզի, այլ շատ ավելի քիչ:

 

Իսկ եթե կատակը մի կողմ՝ ապա խորհրդատվություն կոչվածը դա հենց այն «ոլորտն» է, որը ենթակա չէ չափման ու վերահսկելու և որի անվան տակ կարելի է լուրջ փողեր լվանալ: Ու լվանում են… Եթե փող է պետք ու պետք է այդ փողը ինչ-որ տեղ որպես ծախս ցույց տալ, ապա կարելի է գրել «խորհրդատվություն», միևնույն է՝ ոչ ոք չի կարող չափել ու հասկանալ, թե այդ ինչ խորհուրդներ են տրվել այդ գումարին համապատասխան ու ոչ ոք ոչինչ ապացուցել չի կարող: Եվ դա բոլորս էլ հասկանում ենք, հակառակ դեպքում վաղուց արդեն թողած կլինեինք մեր մասնագիտությունները, մեր բոլոր գործերը և ազգովի դարձած կլինեինք խորհրդատու, ու շատ լավ էլ կապրեինք:


Կարեն Վարդանյան