Ցավոք, մեր շատ պաշտոնյաներ, զանազան կալիբրի չինովնիկներ ու անգամ որոշ նախարարներ չեն դադարում շարունակ մեզ զարմացնել իրենց՝ շքեղության նկատմամբ ունեցած սիրով, իրենց՝ միայն բարձրաշխարհիկ փափկասուններին հատուկ հակվածություններով:

 

 

Չնայած արդեն բավական տևական ժամանակ է, ինչ երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ՝ դրանից՝ երկրի տնտեսության համար բխող ամենավատ հետևանքներով հանդերձ, սակայն պարզվում է՝ ոմանք, նույնիսկ այդ պարագայում, չեն դադարում զարմացնել իրենց՝ բացառապես պետական միջոցների հաշվին կյանքը վայելելու բացառիկ ունակություններով, ինչը, կհաամաձայնեք, որ աղքատության ճիրաններից այդպես էլ ազատվել չկարողացող մեր հասարակության աչքերում չի կարող դատապարտելի չհամարվել:



Մասնավորապես՝ պարզվում է, որ այս անգամ իր՝ շքեղության հանդեպ առանձնակի թուլությամբ որոշել է աչքի ընկնել երկրի արտգործնախարարությունը, որը, Նալբանդյանի գլխավորությամբ, այնպիսի անտեղի ծախսեր է կատարել, որ մարդ պարզապես ապշել կարող է. մարտի 27-30-ը Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր 4+1» ընկերությանը վճարել է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար: Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ 3 անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ՝ փաստացի միայն այս 2 ավիատոմսի համար վճարելով մոտ 10 հազար դոլար: Ինչպես կարելի է եզրակացնել, բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը՝ նրան ուղեկցող ԱԳՆ որևէ պաշտոնյայի համար:



Ավելին՝ բանից պարզվում է, որ ապրիլյան ճիշտ այն օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին ընթանում, Հայաստանի ԱԳՆ-ն զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ: Ինչպես կարելի է տեղեկանալ Կառավարության կայքից, ապրիլի 4-ին ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 մլն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր:



Հիմա հարց՝ նրանց, ովքեր մասնագիտացած են զենք-զինամթերքի առուծախի գործում. քանի՞ միավոր զենք կարելի կլիներ գնել այն փողերով, որոնք ծախսվել են՝ ոմանց շքեղ քմահաճույքները բավարարելու համար: Չէ՛, իհարկե հեռու ենք այն մտքից, որ այդ գումարներով կարող էինք, ասենք, գերմանական «Լեոպարդ-2» մակնիշի մի քանի հրասայլ գնել Բեռլինից ու դրանցով համալրել հայկական բանակի սպառազինությունների շարքը, բայց որ այդ փողերով հնարավոր կլիներ է՛լ ավելի ամրապնդել թիկունքը, անհերքելի է:



Իրականում, սակայն, այս խնդիրը բացառապես ԱԳՆ-ով կամ Նալբանդյանով չէ, որ սահմանափակվում է. շատ ու շատ նախարարաներ ու անգամ միջին դասի պաշտոնյաներ սիրում են հարկատուներիս միջոցները ծախսել իրենց քմահաճույքների վրա ու մեր հաշվին իրենց զգալ իսկական թագավորներ… Հուսանք զլմ-ների կողմից հաճախ բարձրաձայնվող այս դեպքերը կստիպեն մեր պաշտոոնյաներին գոնե պատերազմական այս օրերին մի փոքր ավելի ժուժկալ գտնվել ու ձեռնպահ մնալ պետական բյուջեի փողերը մսխելուց. հույսը վերջում է մեռնում…



Դավիթ Բաբանով