Թուրք լրագրողները հայտնում են, որ թուրքական լրատվամիջոցները բախվել են 1980-ականներից ի վեր մամուլի ազատության վատագույն բռնաճնշումներին, գրում է The Guardian-ը:

 

 

Պարբերականի փոխանցմամբ՝ երկրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական խոսքերի առնչությամբ 2000 գործ է բացվել, հայտնի լրագրողները շաբաթը երկու կամ երեք անգամ հայտնվում են դատարանում: Բացի այդ, քուրդ լրագրողները ծեծի են ենթարկվում կամ բերման են ենթարկվում երկրի հարավ-արևելքում, իսկ օտարերկրյա լրագրողները հարձակումների են ենթարկվում կամ արտաքսվում:

 

 

Լրագրողներից բացի՝ հետապնդվում են նաև գիտնականները՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քարոզչությունը տարածելու մեղադրանքով: Արդյունքում ստեղծվում է վախի մթնոլորտ, որը, թուրք լրագրողների խոսքերով, քննադատական մամուլը լռեցնելու փորձ է:

 

 

Թուրքիայի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկը՝ Zaman-ն այժմ իշխանամետ բովանդակություն է տարածում, և դրա ղեկավարներն արդեն չեն էլ փորձում պահել անկողմնակալության տպավորությունը։ Թերթի հայտնի գրողների և խմբագիրների մի մասը հեռացել է երկրից:

 

 

Ինչպես գրում է թերթը՝ լրտեսության մեղադրանք է ներկայացվել ընդդիմադիր «Ջումհուրրիյեթ» թերթի խմբագիր Ջան Դյունդարին, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

 

 

«Ասես կախարդների որս լինի… ինչպես 1950-ականներին ԱՄՆ-ում մաքքարթիզմ շարժումը»,- ասել է Ջան Դյունդարը։