ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վստահ է, որ 2017 թվականին իր երկրում կայանալիք հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը կարևոր է երկկողմ հարաբերությունների համար: Այս մասին դեսպանը նշեց Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ընդո ւնելության ընթացքում:

 

 

«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ համաժողով է կազմակերպվում Արգենտինայում: Հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման համար շատ լավ է: Հայաստանը ևս Արգենտինայի մի փոքր մասնիկն է, քանի որ այնտեղ հայկական համայնք կա: Դեսպանության համար մեծ հպարտություն է, որ կարողանում ենք աջակցել իրադարձության անցկացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիան' հավելելով, որ համագումարը տեղի կունենա հաջորդ տարի մայիսին:

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համոզմամբ' համագումարը ոչ միայն փորձի փոխանակման, իրար ճանաչելու հնարավորություն է, այլև նպատակ ունի ամփոփել երկկողմ հաջողությունները և ուրվագծել խնդիրները:

 

 

«Մենք արդեն այսօր հստակ որոշում պետք է կայացնենք, թե մյուս ժողովին, որը կկայանա Բուենոս Այրեսից հետո, 2019 թվականին, ինչպիսի ուղղություններ պետք է քննարկենք: Մեր որոշմամբ' համահայկական գիտաժողովը կկայանա Երևանում: Խիստ կարևոր է, որ բժշկական գիտաժողովների մի մասը Ստեփանակերտում է անցկացվելու»,-իր ելույթում շեշտեց ՀՀ առողջապահության նախարարը:

 

 

ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ ամեն 4 տարին մեկ համաժողովի կազմակերպման համար տարբեր երկրներ ընտրվում: «Սովորաբար վերջին մի քանի տարիներին այն ԱՄՆ-ում է կազմակերպվում, այս անգամ ուզում ենք ընդգրկել նաև առողջապահական ոլորտում Լատինական Ամերիկայի պրոֆեսիոնալներին»,-հավելեց նա:

 

 

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017-ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում: Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պանամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր, բժիշկ Դանիել Ստամբուլյանը: