ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել «Ալ-Քաիդայի» առաջնորդի ոչնչացմանն ուղղված հատուկջոկատայինների գաղտնի գործողությանը՝ անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ նա թաքնվում է Պակիստանի տարածքում գտնվող ապաստարանում: Այդ մասին Օբաման հայտարարել է CNN հեռուստաընկերության եթերում:

 

Միևնույն ժամանակ պետության ղեկավարը գիտակցել է լուրջ ռիսկերի առկայությունը' կապված գործողության հետ, որը կարող էր անգամ միջազգային հարթակում դեմքը կորցնելու վտանգ առաջացնել:

 

Նա նշել է, թե սկզբում Բեն Լադենի գտնվելու վայրի հավանականությունը «50/50» էր։ Սակայն նախագահը տրամադրված է եղել գործողության անցկացմանն «արդեն քննարկման ամենավաղ փուլում»:

 

Օբաման խոստովանել է, որ հրահանգել է շարունակել գործողությունը՝ չնայած դրա սկզբում լուրջ խնդրի ի հայտ գալուն. հատուկջոկատայինների երկրորդ ուղղաթիռը գիշերը վայրէջք կատարելու պահին պոչի մասով դիպել է շինհրապարակի բարձր ցանկապատին և դուրս եկել շարքից:

 

Օմաբայի խոսքով՝ Բեն Լադենը մահվանից առաջ պետք է հասկանար, որ ԱՄՆ-ն երբեք չի ների նրան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների համար։ Վերջին մարդն աշխարհում, որին տեսել է «թիվ մեկ ահաբեկիչը», ամերիկացի է եղել:

 

«Հուսով եմ, որ այդ պահին նա հասկացավ, որ ամերիկացի ժողովուրդը չի մոռացել մոտ 3000 մարդու սպանությունը»,- ասել է Օբաման:

 

Նա խոստովանել է, որ այդ գործողությունից 5 տարի անց աշխարհն ավելի անվտանգ չի դարձել:

 

Նախագահն ընդգծել է, որ բեն Լադենի ոչնչացումը կարևոր «խորհրդանշական նշանակություն» ուներ, որը ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ն անպատիժ չի թողնում նրանց, որոնք իր տարածքում ահաբեկչություն են իրականացնում: