Հայտնի է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, ուր պատմության ողջ ընթացքում շարունակ բախվել են աշխարհի գերտերությունների շահերը. 21-րդ դարը ևս, այդ առումով, բացառություն չէ: Չնայած մեր երկիրը ողջ աշխարհին հայտնի է որպես մեծամասամբ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող պետություն, որն իր ամեն մի քայլը համաձայնեցնում է Մոսկվայի հետ, բայցՀայաստանում միշտ էլ եղել են ու հիմա էլ կան այնպիսի ուժեր, որոնք Հայաստանի զարգացումն ու հետագա ընթացքը տեսել ու տեսնում են արևմտյան բլոկում, որի ռազմական գլխավոր բաղադրիչը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն է: Ասել, թե ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները սառն են ու խնդրահարույց, իհարկե, սխալ կլիներ, բայց համարել դրանք նույնքան խորն ու համապարփակ, որքան ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական հարաբերություններն են, անխոս, ոչ ոք չի համարձակվի. մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք ու մեր անվտանգության պորտալարը վաղուց կապել ենք Մոսկվայի հետ, ինչը, բնականաբար, ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, այլընտրանք, պարզապես, չի կարող ունենալ. դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող:



Ինչպես գիտեք, մայիսի 2-ին կայացած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին,հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար էլ մտել ենք ՀԱՊԿ ու հավելել. «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»: Հիմա եթե փորձենք մի փոքր խորքային վերլուծություն կատարել Աշոտյանի ասածն ու կարդալ տողատակերը, պետք է ուզած-չուզած ենթադրենք, որ բանախոսը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորությունից, փորձում է յուրատեսակ մեսիջ հղել Արևմուտքին ու փորձել հասկացնել Ռուսաստանին՝ այն թեզը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, սին է ու դատարկ, իսկ Հայաստանն օր առաջ սպասում է Արևմուտքի առաջարկություններին ու հարկ եղած դեպքում կարող է և վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ հօգուտ Բրյուսելի:

 

 

Ամենևին էլ չբացառելով այն, որ մեր նման եզրակացությունը կարող է և թյուր լինել ու մենք սխալ հասկացած լինենք Աշոտյանին, կցանկանայինք, այնուամենայնիվ, մեր տեսակետը ներկայացնել այս հարցի վերաբերյալ: Հայտարարում ենք ի լուր բոլորի՝ մի՛ արեք բաներ, որոնց մասին հետո կարող եք զղջալ:

 

 

Աշխարհում կա՞, արդյոք, որևէ մեկը, ով հաճույք է ստանում Ուկրաինայում տիրող իրավիճակից… Իսկ գիտե՞ք, թե ինչու է Ուկրաինան նման ողբերգական իրավիճակում հայտնվել, կանգնել ոչնչացման եզրին. դրա պատճառն այդ երկրի կառավարության անհեռատես արտաքին քաղաքականությունն էր՝ Յուշչենկոյի անիրատես քայլերը, որոնք էլ հանգեցրին այն սարսափին, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ տիրում է Ուկրաինայում:



Իսկ հիմա հարց՝ նրանց, ովքեր կողմ են արտահայտվում Հայաստանի նատօյականացմանը. ինչո՞ւ եք փորձում կործանել Հայաստանը, ո՞րն է այդ ամենում ձեր անձնական շահը, կարո՞ղ եք պատասխանել:Ամենևին էլ հանդես չգալով Հայաստանի ժողովրդավարայնացման դեմ՝ վստահ ենք, որ աշխարհում իրերի դասավորության ներկայիս պայմաններում նախաձեռնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր, կատարյալ արկածախնդրություն կլիներ. դա, ի դեպ, հասկանում են նաև Վաշինգտոնում ու ըմբռնումով են մոտենում մեր երկրի աշխարհաքաղաքական ընտրությանը: Փոխարենը Ռուսաստանին ապացուցելու, որ ինքը, Հայաստանից բացի, տարածաշրջանում այլընտրանք չի կարող ունենալ, մեզանում ոմանք, ցավոք, զբաղված են«մուցիկուլիությամբ» ու բացառապես սեփական գրպանային շահերից բխող կասկածելի գործունեությամբ. ինչո՞ւ…



Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ Հայաստանի անվտանգության միակ ու ամենաիրական երաշխավորը նախևառաջ հայկական փառահեղ բանակն է, մեր առյուծ տղերքը, որոնք էլ, անկասկած, փայլուն են իրականացնում իրենց առաքելությունը: Իսկ ինչ վերաբերում է անվտանգության գլոբալ երաշխիքներին, ապա այսօր նման երաշխիքներ, բացառապես օբյեկտիվ պատճառներից ելնելով, մեզ կարող է տալ միայն Ռուսաստանը, քանի որ «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի էլ արել»…



Դավիթ Բաբանով