Ինչպես գիտեք, ամենաարծարծված ու ծեծված թեմաներից մեկը Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցն է: Դրա հավանականության մասին խոսակցություններն ու քննարկումները, թերևս, երկար տարիների պատմություն ունեն, ու գրեթե ամեն տարի ԱԺ պատգամավորներից մեկը՝ որպես կանոն ընդդիմադիր, հանդես է գալիս համապատասխան առաջարկությամբ ու փորձում իբր սեփական գրչին պատկանող այդ օրինագիծն անցկացնել հայրենի խորհրդարանում:

 

Եթե նկատած կլինեք, վերջին շրջանում այդ ուղղությամբ հատկապես ակտիվացել է Զարուհի Փոստանջյանը, ով՝ Հրանտ Բագրատյանի հետ համատեղ, մշակել է հերթական օրինագիծը ու ներկայացրել այն կառավարության դատին. ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է վերջիններիս կողմից ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծըԲացի այս, մի քանի օր առաջ իր բավական սկանդալային հայտարարությամբ կրկին աչքի էր ընկել Հրանտ Բագրատյանը, ով ի լուր աշխարհի հայտարարել էր, թե Հայաստանն իբր ատոմային զենք ունի ու ցանկության դեպքում կարող է հողին հավասարեցնել թշնամական Բաքուն: Ճիշտ է՝ հետո վարանել էր մանրամասնել իր ասածը ու անգամ փորձել խուսանավել լրագրողի ճշտող հարցից:

 

Մի կողմ թողնելով վերոհիշյալ հարցերի արծարծման նպատակահարմարությունն ու իմաստը՝ կցանկանայինք նկատել, որ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ փորձում են սեփական PR-ը կազմակերպել այս կամ այն խնդիրների շուրջ ծայրահեղական մոտեցումներ ու տեսակետներ հնչեցնելով՝ միգուցե չցանկանալով հասկանալ, որ ներկա պահին հասարակությանը հուզող հարցերի թվին որևիցե կերպ չի կարող դասվել այս կամ այն գործչի իմիջի խնդիրը՝ հասարակության շրջանում: Այլ կերպ ասած՝ խոսելուց առաջ հարկավոր է մի լավ մտածել և նոր միայն հնչեցնել սեփական ասելիքը: Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա բոլորի համար պետք է պարզ լինի, որ դա այն վերջին ու ծայրահեղ քայլն է, որ կարող է Հայաստանն անել, քանի որ պարզ է՝ դրանից հետո խոսել ինչ-որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ խնդրի կարգավորման մասին, կատարյալ ուտոպիա կլիներ: Հարցին, թե որքանով է ներկա դրությամբ անկախության հարցի ճանաչումը բխում մեր ազգային շահերից, իհարկե, պետք է նախևառաջ պատասխանեն պետական մարմիններն ու կոմպետենտ անձինք, բայց կարծում ենք, որ առնվազն այս փուլում դա մի փոքր ծահրահեղ քայլ կլիներ մեր կողմից:


Ճակատագրական այս օրերին, երբ վճռվում են հայության գոյությանը վերաբերող կարևորագույն հարցեր, բոլորին հարկավոր է խուսափել չմտածված հայտարարություններ անելուց ու երկրորդական պլան մղել անձնական նկրտումները քաղաքականության մեջ ու դադարել հարցերը դիտարկել միայն սեփական շահերի դիտակետից, այլապես՝ այդ ամենը կարող է հակառակ ազդեցություն ունենալ:

 

Դավիթ Բաբանով