Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» տնային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Տոմին»: Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձած՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնաբանել է թիմի հաղթանակը:

«Բարդ, բայց լավ խաղ եղավ: Հանդիպեցինք ուժեղ մրցակցի: Դիտարժան հանդիպում էր՝ հինգ գոլ գրանցվեց: Իհարկե, շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Հուսով եմ, որ հաջորդ խաղում նույնպես կստացվի: Յուրաքանչյուր խաղում շատ եմ ցանկանում գոլեր խփել: Իսկ երբեմն, երբ շատ ես ինչ-որ բան ցանկանում, չի ստացվում: Միգուցե մի քիչ թուլացրի իրավիճակը, դրա համար էլ հաջողվեց ավելացնել գոլերիս քանակը: Հաղթել հնարավոր է յուրաքանչյուր մրցակցի, դրա համար էլ չենք նայում, թե ով է մեր դիմաց` առաջատար ակումբ, թե  հետնապահ: Միշտ տրամադրվում ենք երեք միավոր վերցնելուն»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: