Ինչպես արդեն տեղեկացվել եք, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը, ինչը բավական լուրջ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Չնայած վաղուց էր խոսվում Արցախի՝ ՀՀ կողմից ճանաչման մասին, սակայն իրերի բերումով և միգուցե ոչ ամենևին էլ պատահական ձևով այդ հարցում կոնկրետ տեղաշարժ մենք արձանագրում ենք միայն հիմա, ինչը դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների ծիրից դուրս կատարյալ անհեթեթություն կլիներ:

Առաջինը, որ պետք է ֆիքսենք, այն ուղերձն է, որ Հայաստանը հղում է ողջ աշխարհին. հայ ժողովրդի համբերությունն այլևս սպառվել է, ու եթե աշխարհն ու Բաքուն ցանկանում են, որպեսզի պաշտոնական Հայաստանը գոնե որոշակի ժամանակով առկախված թողնի այս հարցն ու վերջնականապես չփակի բանակցությունների դուռը, հարկավոր է տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն, իսկ Բաքվին էլ հասկանալ տալ, որ ստեղծված իրավիճակում խաղի կանոններ հաստատողը ոչ թե ինքն է, այլ Երևանը. Արցախի ճանաչման պարագայում լիակատար կերպով կվիժեցվի Մինսկի խմբի առաքելությունն, ու Ադրբեջանն ու համաշխարհային հանրությունը կկանգնեն փաստի առաջ՝ առանց հետագա գործողությունների հստակ պլանի:

Սա, թերևս, Հայաստանի մասով: Իսկ որտեղ է Մոսկվան այն ժամանակ, երբ Անդրկովկասում տեղի են ունենում գործընթացներ, որոնց կարևորությունը չի կարող չհասկանալ Ռուսաստանը: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, սակայն վստահ ենք, որ այս ամենում ուղղակիորեն խառն է Մոսկվայի մատը: Ինչպե՞ս և ինչո՞ւ՝ հիմա կփորձենք հասկանալ:

Նախ պետք է գիտակցենք, որ առանց Ռուսաստանի ստվերային ու լռելյայն համաձայնության՝ Երևանը երբեք չէր կարող անել բաներ, որոնք կանխատեսելի չլինեին Ռուսաստանի համար. սա աքսիոմա է, ու իրերի նման ընթացքը միանգամայն կանխատեսելի էր Ռուսաստանի համար:

Ի՞նչ է շահում Ռուսաստանը Հայաստանի կառավարության կողմից ԼՂ ճանաչման մասին նախագծին հավանություն տալով. ստանում է հզորագույն զենք, գործիք՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար: Պետք չէ մոռանալ, որ ղարաբաղյան վերջին էպոպեան ծավալվեց բացառապես Մոսկվայի այն թյուր հաշվարկների պատճառով, որոնց համաձայն՝ ռուսները ակնկալում էին, որ արցախյան հարցում պրոադրբեջանական դիրքորոշում հայտնելու շնորհիվ իրենց կհաջողվի Ալիևին համոզել՝ մոտ ապագայում անդամագրվելու ԵՏՄ-ին, ինչը, բնականաբար, բխում էր Մոսկվայի արմատական շահերից ու տալիս լծակներ՝ աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ բանեցնելու համար:

Սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Ռուսատանում բոլորի համար պարզ դառնա, որ Ադրբեջանը երբեք չի կարող դառնալ ռուսական ազդեցության ներքո գտնվող երկիր, իսկ Ալիևի հետ ավելորդ սիրախաղերը կարող են թանկ նստել Մոսկվայի վրա. այն կկանգնի տարածաշրջանում իր միակ ու իրական դաշնակցին կորցնելու փաստի առաջ, ինչը Ռուսաստանն իրեն զուտ ֆիզիկապես չի կարող թույլ տալ:

Բայց մի՞թե մեծ խաղ սկսելուց առաջ ՌԴ ղեկավարությունը չէր կարող այս ամենը կանխատեսել. իհարկե, կարող էր ու եթե կարող էր ու կանխատեսել էր, ուրեմն՝ ի՞նչ է դուրս գալիս այս ամենի արդյունքում: Դուրս է գալիս այն, որ մենք գործ ունենք նախապես մշակված սցենարի հետ. Մոսկվան վտանգավոր խաղ է սկսել ընդդեմ Ադրբեջանի ու փաստացի նրան կանգնեցրել փաստի առաջ. եթե չանդամակցի ԵՏՄ-ին ու չփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, կարող են տեղի ունենալ Բաքվի կողմից անվերահսկելի ու անկանխատեսելի գործընթացներ, որոնք կործանարար կլինեն ազերիական պետության համար, իսկ այս հարցում ռուսներին անգնահատելի ծառայություն կարող է մատուցել բարեկամ Հայաստանը, որի կողմից ԼՂ ճանաչումը կդառնա այն սկզբնակետը, որից կսկսվի Ադրբեջանի տրոհումը՝ այս անգամ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո. Ադրբեջանը փաստացի հայտնվել է անելանելի աշխարհաքաղաքական իրավիճակում, ինչը, ինչպես կռահում եք, միմիայն կարող է բխել հայկական կողմի շահերից…

Դավիթ Բաբանով