Այն, ինչ հիմա կատարվում է հարցի PR կողմն է, որն ունի իր արտաքին և ներքին լսարանը։ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որոշելու է ոչ թե Ազգային ժողովը, այլ Սերժ Սարգսյանը։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

 

 

«Ներքին լսարանը դժգոհ հասարակությունն է, իսկ արտաքին լսարանը՝ Ադրբեջանը, միջնորդ երկրները։ Ռուսաստանը և Միացյալ նահանգները շատ լավ հասկանում են, որ Հայաստանն այդ քայլին չի գնա։ Ժամանակին, եթե հիշում եք՝ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից ամբիոնից Թուրքիային մեղադրեց, որ արձանագրությունները չի վավերացնում և ասաց. «Չեք վավերացնում, գրողի ծոցը վավերացնեք»։ Դրանից հետո նախագահն անգամ արձանագրություննեը հետ չվերցրեց։ Այսինքն՝ մի բան է գործընթացի PR կողմն ապահովելը, մեկ այլ բան է դե յուրե Ղարաբաղի ճանաչումը»,- մանրամասնեց քաղաքագետը։

 

 

Բադալյանի խոսքով՝ եթե Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, դրանով իր վերջնական խոսքը կասի Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ Հայաստանն այս փուլում չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը. «Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանի իշխանությունների վրա և անկախության հնարավոր ճանաչումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Ֆրանսիա և Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում։ Իսկ այդ երկրներից և ոչ մեկը չի ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնել։ Ոչ ոք չի ցանկանում կտրել Ղարաբաղի հարցը և վերջ դնել։ Այս փուլում, ենթադրում եմ, Հայաստանի իշխանություններն այդ կարևոր քայլին չեն գնա»։

 

 

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

 

 

Ք. Աղալարյան