Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը 2013թ.-ին ավելացել է' հասնելով 131-ի, ինչը դարձել է պատմական ռեկորդ, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով համապատասխան վարկանիշային աղյուսակը կազմած CEO ամսագրին։

CEO-ի տվյալների համաձայն՝ միլիարդատերերի թիվը 1 տարում ավելացել է 11-ով։ 2012թ. Ռուսաստանում բնակվել է 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ ունեցող 120 գործարար, իսկ 2011թ.՝ 114։ Այս առումով ամենաանհաջող տարին եղել է ճգնաժամային 2009թ., երբ գրանցվել է ընդամենը 49 միլիարդատեր։

2013թ. ցուցակում ներառված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գնահատվել է 147 մլրդ դոլար։ Իսկ նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 131 մլրդ դոլար։

Այսպիսով, CEO-ի ներկայացրած վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է «Մետալինվեստ»-ի («Металлоинвест») սեփականատեր Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը գնահատվել է 18,72 մլրդ դոլար։

2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Նովոլիպեցկի մետալուգրական կոմբինատի (НЛМК ) տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, ում կարողությունը կազմել է 17,2 մլրդ դոլար։
3-րդ հորիզոնակում է «Ռենովա» («Ренова») ընկերության սեփականատեր Վիկտոր Վասելբերգը (15,94 մլրդ դոլար), ում հաջորդում է «Ալֆա գրուպ»-ի («Альфа-групп») ղեկավար Միխայիլ Ֆրիդմանը (15,32 մլրդ դոլար)։

Ռուսատանի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի լավագույն 5-յակը եզրափակում է Միխայիլ Պրոխորովը՝ 15,25 մլրդ դոլար կարողությամբ։

Ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակում հայազգի գործարարների ներկայությանը, ապա «Ռոսգոսստրախ» («Росгосстрах») ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը գտնվում է 38-րդ հորիզոնականում՝ ունենալով իր ակտիվում 2,89 մլրդ դոլար։ Նրան է հաջորդում հարազատ եղբայր Սերգեյ Խաչատուրովը, ում ունեցվածքը (2,89 մլրդ դոլար) չի տարբերվում Դանիլ Խաչատուրովի կարողությունից։

Ռուսաստանում գործող մեկ այլ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ու հիմնական սեփականատերն է, հայտնվել է 62-րդ հորիզոնականում՝ ունենալով 1,90 մլրդ դոլար ունեցվածք։

92-րդ հորիզոնականում հայտնվել է Նիկոլայ Սարկիսովը, ով «Ռեսո գարանտիա» («Ресо-гарантия») ընկերության փոխտնօրենն է և ունի 1,33 մլրդ դոլար կարողություն։ Ինչպես և Խաչուտուրով եղբայրների դեպքում, Նիկոլայ Սարկիսովին հաջորդում է նրա եղբայր Սերգեյ Սարկիսովը՝ «Ռեսո» («Ресо») և «Ռեսո գարանտիա» («Ресо – гарантия») ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը։ Նրա ունեցվածքը գնահատվել է 1,33 մլրդ դոլար։