Պատերազմը նաև տեղեկատվական հարթակում է ընթանում և այդ հարթակում հաջողության հասնելու համար առաջին հայացքից թվում է, թե գերինտելեկտուալ ունակություններ և լուրջ գիտելիքներն են պետք, սակայն իրականում անհրաժեշտ է ընդամենը տարրական զգուշավորություն, մի փոքր տրամաբանության առկայություն կամ գոնե դա կիրառելու ունակություն և ինչպես ժողովրդական լեզվով են ասում' մի փոքր էլ «քթածակ»: Այս ամենին էլ եթե գումարում ենք սեփական հայրենիքի, երկրի հանդեպ սիրո առկայությունը, որը, ցավոք, ոչ բոլորի մոտ կա, ուրեմն տեղեկատվական պատերազմում հաջողությունը երաշխավորված է:

 

Օրինակ, տեսեք' վերջին օրերին իրեն երկրի թիվ մեկ գիտնականը համարող և համատեղության կարգով ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնող' Ռադիկ Մարտիրոսյանը և բնավ գիտնական լինել չհավակնող, սակայն զինվորական գործից լավ հասկացող' գեներալ Սեյրան Սարոյանը: Թե առաջինը որքան վնաս տվեց երկրին իր մի կարճ հարցազրույցով' արդեն տեսանք և այդ մասին խոսեցինք, իսկ թե որքան ոգի, վստահություն և ուժ տվեց գեներալ Սարոյանի հարցազրույցը, կարծում եմ' ակնհայտ է և արժե այն մեկ անգամ էլ լսել, որպեսզի վերջանակապես ֆիքսենք մեզ համար, որ մենք թույլ չենք, մեր զինվորների և զենքերի քանակն էլ բավարար է թշնամուց պաշտպանվելու, նաև թշնամուին պատժելու համար, և որ իսկապես այսօրվա հայը 20-րդ դարասկզբի հայը չէ, ով գլուխը կախ ու հնազանդ թույլ կտա' իրեն տանեն մորթեն:

 

Այսօրվա հայը հաղթող ու պատժող հայն է. կարծում եմ, սա էր այսօրվա ամենակարևոր ու անհրաժեշտ ազդակներից մեկը, որը պետք էր հացնել հանրությանը, ինչն իր շատ պարզ հարցազրույցով ու պարզ շարադրանքով արեց Սեյրան Սարոյանը:

 

 

Կարեն Վարդանյան