Հայ ժողովրդին հաղթանակներ բերած մայիսը նոր սերնդի քաջագործությունների շնորհիվ ավելի է ամրապնդում հավատը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պայծառ ապագայի հանդեպ: Մայիսյան եռատոնը՝ Հայրանական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, խոստանում է դառնալ քառատոն ու բազմատոն՝ անհրաժեշտության դեպքում: Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում մայիսի 9-ին ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնք հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս:

 

Արցախ աշխարհում պարգևատրվում են մերօրյա հաղթանակի հերոսները


Միջոցառումների մեկնարկը տրվել է մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում, ուր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների հանձնվել են պետական բարձր պարգևներ: Բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղ ի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1, «Արիության համար» մեդալով՝ 44 զինծառայող, որից 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 241 զինծառայող, որից 11-ը' հետմահու: Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 16 զինծառայող, որից 2-ը' հետմահու:

 

Հայերը կերտեցին նաև Հայրենականի հաղթանակը


Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

 

«Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույն


Ուղիղ 24 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին' Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

 

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը' ժամը 2.30-ին' Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

 

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

 

Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում: