Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի Ի. Աղամիրյանը լինելով նշված պետության քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժին, որտեղից ստացել է իր լուսանկարով, սակայն հանգուցյալ քրոջ տվյալներով անձնագիր, այն օգտագործելով 8 անգամ, հատել է ՀՀ սահմանը:

 

 

Ուշադրություն դարձրեք' խոսքը բնավ էլ այն մասին չէ, որ Ի. Աղամիրյանն իր լուսանկարով, սակայն հանգուցյալ քրոջ տվյալներով կեղծ անձնագիր է պատրաստել իր համար: Վերոնշյալ հատկանիշներով անձնագիրը նա ստացել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժնից, ինչպես հասկանալի է, կեղծ տվյալներ ներկայացնելով: Թե ինչպե՞ս է այդպիսի անձնագիր տրվել նրան, այդ գործում դերակատարություն ունեցած անձինք քրեական կամ այլ պատասխանատվության կանչվել կամ կանչվելո՞ւ են, մեզ դեռ հայտնի չէ, այս դեպքի կապակցությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ այդ մասին բառ անգամ չկա:

 


Վերը նշված արարքի համար Ի. Աղամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին մասի, 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 1-ին մասի և 34-329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու հանցափորձը) 1-ին մասի հատկանիշներով: