Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին:

 

 

Հանդիպմանը Սիոն Սրբազանն ու տիար Կարեն Արիստակեսյանը Նորին Սրբությանը տեղեկացրել են 2018 թվականին տոնախմբվելիք Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակի առիթով նախանշվող ծրագրերի մասին: Քննարկվել են հոբելյանական տարվան ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներն ու ձեռնարկները:

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն է գնահատել ներկայացված նախաձեռնությունը' կարևորելով հայ ժողովրդի կյանքում մայիսյան պանծալի հաղթանակների տոնախմբումը: Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով Սիոն Սրբազանին ու տիար Կարեն Արիստակեսյանին, նշել է, որ Մայր Աթոռն իր մասնակցությունը կբերի և ըստ ամենայնի կաջակցի փառահեղ հաղթանակի տոնախմբության առիթով նախաձեռնված ծրագրերին: