Մի շարք քրեական գործեր են հարուցվել Հյուսիսային Կովկասից եկածների նկատմամբ, որոնք ձերբակալվել են Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանոցում ծեծկռտուքից հետո։ Գործերը քննվում են ՌԴ քրեական օրենսգրքի «Սպանություն», «Հրազենի անօրինական պահպանման», «Երկու կամ ավելի անձանց առողջությանը մասսայական ծանր վնաս հասցնելը» հոդվածներով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

 

Նրա տվյալներով՝ ձերբակալվածների շարքում, որոց համարում են ծեծկռտուքի կազմակերպիչներից, Չեչնիայից և Դաղստանից եկածներ են։ «Ներկայում ձերբակալվածների հետ աշխատում են Մոսկվայի քրեական հետախուզության օպերատիվ, ծայրահեղականությանը հակազդեցության դեպարտամենտի, Անվտանգության դաշնային ծառայության և այլ օպերատիվ ծառայությունների աշխատողները։ Ստուգվում է նրանց առնչությունը նախկինում տեղի ունեցած հանցագործություններին, այդ թվում՝ ծայրահեղական ուղղվածության»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմիններում հստակեցրել են, որ Խովանսկոյե գերեզմանոցում օպերատիվ-քննչական գործողությունները դեռ չեն ավարտվել։ Իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ ծեծկռտուքի կազմակերպիչների ինքնությունը պարզելու համար։

 

Ինչպես նշել է աղբյուրը, ձերբակալվել է ավելի քան 120 մարդ, որոնց մեծամասնությունը միջինասիական երկրների միգրանտներ են։

 

Հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուքը, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ, տեղի է ունեցել մայիսի 14-ին։ Դրա արդյունքում 3 մարդ մահացել է, 29-ը՝ տեղափոխվել հիվանդանոց, ընդ որում՝ նրանցից չորսի վիճակը ծանր է։

 

Երեք հյուսիսկովկասցիներ ձերբակալվել էին գերեզմանոցի տարածքից «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փախչելու փորձի ժամանակ։ Նրանք չեն արձագանքել կանգ առնելու պահանջին և մահացու վրաերթի են ենթարկել երկու մարդու։ Ձերբակալումից հետո ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է հրազեն, այդ թվում՝ մի քանի ատրճանակ, ինչպես նաև «Կալաշնիկով» ինքնաձիքներ։