Ազգային ժողովում քառօրա նիստի ընթացքում քվեարկության դրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծի օրակարգ ընդգրկելու հարցը, սակայն խորհրդարանը մերժեց:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրինագիծը կարող էր մտնել օրակարգ ու մնար, իսկ խորհրդարանում կատարվածն ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: 

 

«Իրանք չեն լուծում քաղաքական հարցեր և հանձնաժողովում քննարկման ժամանակ չի պարզվում մեկնաբանությունը: Անտրամաբանական բաներ են ասում, իրենք լուծում են իրենց քաղաքական կոմֆորտի հարցը: Իշխանության մեջ կոմֆորտ է այդ բանը չանել, այդքան բան, նման քայլերը համարձակություն են պահանջում»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով. «Մենք ասում ենք՝ հարցը քննարկենք, ի՞նչ ենք ասում, էլի ասում են՝ չէ, չքննարկենք, մենք ասում ենք՝ ոչ թե ճանաչենք, այլ քննարկենք, ասում են՝ չէ: Չքննարկե՞նք, օրական երեք երխա է զոհվում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»,- կարծում է Բագրատյանը: