Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մոգերինին: «Այսօր երեկոյան հանդիպումներ կունենամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- նշել է Մոգերինին:

 

«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:

 

Վիեննայում են նաև համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: ՄԽ համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել' նշելով. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար' հանուն համապարփակ կարգավորման' հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»: