Սա արդեն սովորական հանցագործություն չէ, այլ սրբապղծության պես մի բան, քանի որ իբրև ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից ներկայանալուց հետո, գումարները հափշտակումը կատարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատրվակով:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գագիկ Սաֆարյանը նպատակ ունենալով տարբեր քաղաքացիներից, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների ղեկավարներից խարդախությամբ' խաբեության եղանակով գումարներ հափշտակել, պլանավորել և մանրակրկիտ նախապատրաստել է իր հանցավոր գործունեությունը: Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններիս Գ. Սաֆարյանը հիմնականում ներկայանալով որպես ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվող միջոցառումների անցկացմանն աջակցելու և գրքեր, բուկլետներ հրապարակելու պատրվակով պահանջել և հափշտակել է տարբեր չափերի գումարներ, իսկ որոշ դեպքերում ավելի մեծ գումարներ հափշտակելու ակնկալությամբ փորձել է այդպես վարվել, սակայն իր կամքից անկախ հանգամանքների հետևանքով չի ստացվել:

 

 

Վերը նշված արարքների համար Գագիկ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի և 34-178-րդ հոդվածի (խարդախության հանցափորձը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: