Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը պղծած ակտվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց:

 

 

«Ադրբեջանը երիտասարդ ակտվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի», -ասել է Հարավային Կովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը' ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:

 

 

HRW-ին հիշեցնում է, որ մայիսի 10-ին' Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, Բաքվում Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում գտնվող նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում' Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ են արվել: Այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում: Ոստիկանությունը տեսախցիկների արձանագրությունների միջոցով պարզել է, որ արձանի պատվանդանին գրություններն արել է Իբրահմովը, իսկ Մամեդովն այն լուսանկարել եւ անանուն տեղադրել է սոցիալական մամուլում:

 

 

«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել», -լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը' նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել այդ առաջարկությունից:

 

 

Դրանից հետո երիտասարդներին սպառնացել են կատարելագործված մեթոդներով խոշտանգումներով, եթե նրանք չխոստովանեն իրենցից թմրանյութեր առգրավելը, ինչից հարկադրված նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, իսկ հետո դատարանում հրաժարվել դրանցից:

 

 

Ոստիկանությունում երիտասարդներին նվաստացրել եւ ստիպել են ավլել հատակը: Մամեդովն ու Իբրահիմովը փաստաբանին հայտնել են իրենց դեմ խոշտանգումներ իրագործվելու մասին: HRW-ն կոչ է արել անհապաղ հանել ակտվիստների վրայից թմրանյութերի գծով մեղադրանքները:

 

 

«Դա քաղաքական դրդապատճառներով թմրանյութերի հետ կապված քրեական մեղադրանքների կեղծման աղաղակող դեպք է: Իշխանություններն ակնհայտ փորձում են ուղերձ հայտնել, որ եթե մասնակցում եք չհամաձայնեցված քաղաքական գործունեության մեջ, ապա կբախվեք ամենադաժան հետապնդումների», -ասվում է HRW-ի հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ եթե ադրբեջանական իշխանությունները ցանկանում են երիտասարդներին պատժել Ալիեւի արձանին գրություններ կատարելու համար, ապա դրա համար Ադրբեջանի վարչական օրենսգրքով տուգանք է հասնում:

 

 

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մամեդովի մոտից 2,904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից' 1 կ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից' 2,607 գ հերոին, իսկ նրա տանից' 1 կգ 10 գ հերոին:

 

 

«Խոշոր չափերի» թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12-ական տարվա ազատազրկում է սպասվում:

 

 

Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական, անգամ կրոնական գործիչներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

 

 

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել է խղճի բանտարկյալ: