ՀԱԿ-ը նույնպես, փաստորեն, չի մասնակցի Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի ընդունման քվեարկությանը, չնայած նրանք նույնպես կողմ են Արցախի անկախությունը ճանաչելուն. սա ինքը Լևոն Զուրաբյանն է ասում: Հետաքրքիր է, չէ՞, բոլորը կարծես թե կողմ են, բայց ոչ ոք չի ուզում մասնակցել քվեարկությանը, ոչ ոք չի ուզում պաշտոնապես արտահայտել իր կողմ լինելը, ոչ ոք չի համարձակվում: Այսքանից հետո էլ ի՞նչ է տալիս մեզ նրանց կողմ լինելը...

 

Զուրաբյանն ասում է, թե մեր կողմից Արցախի ճանաչումը չի նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը, հետևաբար իրենք չեն մասնակցի: Այնպես է ասում, կարծես թե մի քանի անգամ փորձել է և արդյունքը գիտի ու հիմա «պրոֆեսիոնալ» կանխատեսումներ է անում: Լավ, իսկ չճանաչելը կնպաստի՞, կամ ինչո՞վ կնպաստի: Այսքան տարի չենք ճանաչել, և դա մեր ինչի՞ն է նպաստել. նպաստել է ընդամենը նրան, որ կաղապարված ենք հարցի լուծման անիմաստ ձևաչափի մեջ, որը բոլոր դեպքերում տանում է դեպի փակուղի:

 

Ես չեմ կարծում, թե մեր իշխանական ու ոչ իշխանական պատգամավորները, այդ թվում՝ Զուրաբյանն ու ՀԱԿ-ը, այդքանը չեն հասկանում, ավելի շուտ՝ լավ էլ հասկանում են, բայց չեն կարող...

 

Ու ընդհանրապես, վերջերս կարծես թե ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի ջրերը մի տեսակ շատ են սկսել նույն առվով հոսելը՝ միասնությունից բացի: Թե՞ դա միայն ինձ է թվում:

 

Կարեն Վարդանյան