Եթե խոսենք Ադրբեջանում գործազրկության իրական մակարդակի մասին, ապա աշխատունակ բնակչության շրջանում այն կազմում է նվազագույնը 12 տոկոսից ավելի:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական echo.az լրատվական կայքի թղթակցին հայտնել է Ադրբեջանի կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի նախագահ Նարիման Աղաևը, որի խոսքով՝ Ադրբեջանում դիտվում է աշխատատեղերի լուրջ պակաս:

 

 

Կայքը նշում է, որ փաստորեն, ադրբեջանցի փորձագետը հերքում է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովի պնդումներն այն մասին, որ ներկայում այդ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 5 տոկոս, երիտասարդության շրջանում այդ ցուցանիշը հասնում է 10 տոկոսի:

 

 

Փորձագետի կարծիքով՝ վերջին տարիներին աշխատանքի պայմաններն Ադրբեջանում վատացել են, ինչը երևացել է ենթակաների նկատմամբ ղեկավարության վերաբերմունքի, աշխատատեղում մթնոլորտի և աշխատավարձի չափի տեսքով:

 

 

Ըստ Նարիման Աղաևի՝ Ադրբեջանում վերջին տարիներին բնակչության աշխատավարձի մակարդակը ոչ պաշտոնապես մեկ երրորդով կրճատվել է, ընդ որում դա տեղի էր ունեցել դեռևս մինչև մանաթի արժեզրկումը:

 

 

«Այլ վատ բաների հետ միասին, շատ աշխատողներ տառապում են աշխատավարձերի ուշացման պատճառով: 2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, Ադրբեջանում միջին աշխատավարձը, հունվարի 1-ին եղածի համեմատ, աճել էր 4,4 տոկոսով' կազմելով 460,1 մանաթ»,- հայտնել էր Ադրբեջանի Պետվիճկոմը:

 

 

«Պաշտոնական վիճակագրությամբ, Ադրբեջանում 2015 թվականի 9 ամիսներին արժեզրկումը կազմել էր 3,7 տոկոս, պարենային արժեզրկումը' 6 տոկոս: Գործնականում՝ արժեզրկումը կերել է աշխատավարձի աճը»,- ընդգծել է կայքը:

 

 

Նավթի համաշխարհային գների անկման և մանաթի գերթե 100 տոկոսով էժանանալու հետևանքով Ադրբեջանում բազմաթիվ պետական և մասնավոր ձեռնարկություններ և հաստատություններ փակվել են, 100 հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ: