ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը մայիսի 17-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի և Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

 

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխհարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ: Նա նշել է, որ մինչ օրս հայ-գերմանական հարաբերությունները զարգացել են բավականին ակտիվ, փոխըմբռնման և բարեկամության ոգով:

 

 

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու պետությունների խորհրդարանների միջև հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում, որոնց արդյունավետությունն ապահովվում է երկուստեք հաճախակի փոխայցերով:

 

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ գնահատելի է այն հանգամանքը, որ տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից հարցի առնչությամբ ցուցաբերվել է հավասարակշռված դիրքորոշում: Ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ Գերմանիան մշտապես իր աջակցությունն է հայտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

 

 

Արտակ Զաքարյանը նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման համար, և որ գերմանական նախագահությունը ԵԱՀԿ-ում այդ առումով անելիքներ ունի: Ադրբեջանը պետք է հասցեական գնահատականներ ստանա՝ որպես ապակառուցողական և ագրեսիվ գործողությունների հեղինակ:

 

 

Հարցի կապակցությամբ խիստ կարևորվել է նաև հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիթորինգի վերսկսումը:

 

 

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ջանքերը և նշել, որ խիստ կարևորում է միջազգային հանրության վերաբերմունքը Արցախի ժողովրդի իրավունքը հարգելու հարցում: Շիրակ Թորոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները, ինչպես նաև ձեռքբերված պայմանավորվածությունները:

 

 

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը երկխոսության զարգացման գործում:

 

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև անդրադարձել է երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը՝ նշելով, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առևտրային գործընկերն է, ինչն արդեն իսկ կարևոր ցուցանիշ է երկու պետությունների միջև տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար:

 

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Արտակ Զաքարյանը կարևորել է Գերմանիայի դերը ցեղասպանությունների՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում: Կարևորվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում «Ցեղասպանություն» տերմինի կիրառման հետ կապված: Արտակ Զաքարյանը հարցի կապակցությամբ հույս է հայտնել, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը կունենա իր դրական արդյունքն ու հետևանքները: Նշվել է նաև, որ ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոններ են ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման համար:

 

 

Արտակ Զաքարյանն նաև իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի և Արցախի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման կապակցությամբ: Նա նշել է, որ այցն Արցախ հնարավորություն կտա տեղում տեսնել ու համոզվել, որ Արցախն արդեն իսկ ժողովրդավարական կայացած պետություն է:

 

 

«Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և խորհրդարանական պատվիրակությունները պատրաստ են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ երկուստեք կարևորության հարցերում կառուցողական համագործակցության և սահմանած բոլոր խնդիրներում գործուն աջակցության»,- իր խոսքում նշել է Արտակ Զաքարյանը:

 

 

 

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն նշել է, որ իր կուսակցությունը ձգտում է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ ընդունվելիք բանաձևում Գերմանիայի՝ այդ իրադարձությանը մասնակցության և պատասխանատվության հարցի մատնանշմանը: Նա նաև նշել է, որ իրենք աջակից են ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը: