«Հող հանձնողին հանձնենք հողին»։ Ահա այսպիսի կարգախոսով, վաղը՝ մայիսի 20-ին Ազատության հրապարակում պատրաստվում են հավաքվել մի խումբ երիտասարդներ։ Ակցիայի կազմակերպիչը քաղաքացիական ակտիվիստ, «Ոչ թալանին» նախաձեռնության նախկին անդամ Վաղինակ Շուշանյանն է։ Վերջինս, սակայն փակագծերը չի բացում, թե ինչ են պատրաստվում անել վաղը Ազատության հրապարակում։ 

 

«Վիեննայում կայացած հանդիպումից հետո իրեն ՀՀ նախագահ հռչակած անձը հայտարարեց 800հա հողի զիջման մասին ու նաև ավելացրեց, որ ովքեր դեմ են թող գնան հետ վերցնեն... Այո ՄԵՆՔ դեմ ենք ու հետ կվերցնենք, բայց մինչև հանձնողին չհանձնենք, երաշխավորված չենք լինին , որ նորից չի հանձնվի վերցրածը...
Մայիսի 20-ին ժամը 18:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում , իսկ մնացածը տեղում ...
Չակերտները չբացենք...»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ 

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Վիեննայում համանախագահների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո, ինքնաթիռի մեջ մի քանի լրագրողների հետ հարցազրույցում ի թիվս այլ հարցերի, անդրադարձ էր կատարել նաև ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած տարածքներին։ «Եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ՝ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարը, դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են։ Ուզում եմ մի համեմատություն անեք՝ 800 հեկտար, յուրաքանչյուր հեկտարի համար, ենթադրենք, մեկ զոհ և երկու վիրավոր։ Բայց նույնիսկ եթե կես զոհ, մեկ վիրավոր, միևնույն է, շատ է։ Համեմատեք, տեսեք՝ այդ 800 հազար հեկտարը գրավելու համար քանի զոհ պետք է տային։

 

Երբ որ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել։ Ընտրության խնդիր էր՝ բայց արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռ շատ ենք ունենալու։ Երևանի սրճարանում նստած քարտեզ են գծում։ Ես նման մարդկանց խորհուրդ եմ տալիս՝ իրենք գնան, վերցնեն այդ տարածքները։ Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները։ Նրանք իրենց գործը դեռ լրիվ չեն իրականացրել։ Իրականացնելուց հետո էլ իրենք մեզ դեռ պետք են»,- ասել էր Ս. Սարգսյանը: Իսկ ապրիլյան պատերազմի օրերին, Սերժ Սարգսյանը հայտարարել, էր, թե հայկական կողմը կորցրել է 200-300 մետր քառակուսի տարածք, որը ռազմավարական և մարտավարական նշանակություն չունի։